Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022 13:29
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։

 

ԲՏԱՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ողջունելով պատվիրակության այցը նախարարություն, Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, առաջնահերթ նպատակները, իրականացվող և նախանշված ծրագրերը: Նախարարը մասնավորապես անդրադարձել է տեխնոլոգիական կրթության, ստարտափ էկոհամակարգի, թվայնացման, վենչուրային ֆոնդի, տիեզերական տեխնոլոգիաների ոլորտի, տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

 

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար, նշել, որ Ուկրաինայի  հայությունը հայրենիքի կողքին է, և պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորությունների շրջանակներում նպաստելու երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացմանը:

 

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին հույս է հայտնել, որ ճանաչողական այս հանդիպումը շուտով կվերածվի գործնական ծրագրերի: