Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նրա տեղակալ Արման Խոջոյանի ու ԵՏՀ Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն Արմեն Հարությունյանի հետ տեսակապով մասնակցել են ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստին։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է նախարար Վահան Քերոբյանը:
«Նիստի ընթացքում քննարկել ենք ԵԱՏՄ-ում պարենային անվտանգության ապահովման ներկա վիճակին, խնդիրներին ու հեռանկարներին, գյուղատնտեսության ոլորտում նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովվածության մակարդակին, ԵԱՏՄ անդամ-երկրներում դաբաղի նկատմամբ կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը վերաբերող հարցեր։
Իմ ելույթում նշել եմ, որ ներկայումս մեր կառավարությունը միջոցներ է ձեռնարկում գյուղատնտեսական արտադրանքի ինտենսիվացման, արդյունաբերականացման և ծավալների ավելացման ուղղությամբ։ Այդ նպատակով ընդունվել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, որում ներկայացված են գյուղատնտեսական քաղաքականության մեջ պետության հիմնական առաջնահերթությունները, սահմանված են առաջնային խնդիրներն ու ռազմավարության իրականացման գործողությունների պլանը», - գրել է էկոնոմիկայի նախարարը։
Նշենք, որ ավելի վաղ Վահան Քերոբյանը հաղորդել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է պարենային անվտանգության ռազմավարություն, որի իրականացման արդյունքում Հայաստանի բնակիչները սնվելու են բավարար ծավալներով, եւ որ ավելի կարեւոր է, ճիշտ են սնվելու: Այս առումով նախարարը մատնանշել էր աշխատանքների ահռելի ծավալը։ Սակայն, հաշվի առնելով էկոնոմիկայի նախարարության նախաձեռնողականությունն ու ակտիվությունը և կարևորելով բոլոր գործընթացները, Քերոբյանը հույս էր հայտնել, որ այս համատեքստում փոփոխությունները տեսանելի ապագայում զգալի կլինեն։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Արտակ Քամալյանը հաղորդել էր, որ Եվրասիական տնտեսական միության երկրներում պահպանվում է ագրոարդյունաբերական համալիրի զարգացման դրական դինամիկան։ <Մեր պետությունները, իրենց սեփական արտադրության միջոցով, ամբողջությամբ ծածկում են հացահատիկի, խոզի մսի, բանջարեղենի և կարտոֆիլի, բուսական յուղերի, շաքարի և ձվի ներքին կարիքները: Նշվում է միայն մրգերի և հատապտուղների պակաս", - ասել էր նա, նշելով, որ գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների ինքնապահովման մակարդակը հասնում է 93% - ի: Իսկ երկրների համատեքստում, նախարարի խոսքով, ինքնապահովման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Բելառուսում (94%) և Ռուսաստանում (90%), որին հաջորդում են Ղազախստանը (83%) և Ղրղզստանը (81%): Հայաստանում ինքնապահովման մակարդակը կազմում է 73 տոկոս ։