Չորեքշաբթի, 23 Նոյեմբերի 2022 11:45
Ալինա Հովհաննիսյան

Նախարար Խաչատրյան. ՏՀՏ ոլորտում զբաղվածների 43 տոկոսը կանայք են

Նախարար Խաչատրյան. ՏՀՏ ոլորտում զբաղվածների 43 տոկոսը կանայք են

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:  

 

ԲՏԱՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ողջունելով դեսպանին՝ Ռոբերտ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ընթացիկ աշխատանքների և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ: Նախարարն անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներին: Նախարարը խոսել է նաև տեխնոլոգիական կրթության և ոլորտի մասնագետների պահանջարկի մասին, որտեղ հայ կանանց դերն առանցքային է․ Հայաստանում ՏՀՏ ոլորտում ավելի քան 43%-ը կանայք են, ինչը համաշխարհային մակարդակով շատ բարձր ցուցանիշ է: 

 

Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և ոլորտային վերջին զարգացումները ներկայացնելու համար, ինչը կարող է խթան հանդիսանալ համագործակցության ուղղություններն առավել արդյունավետ նախանշելու և զարգացնելու համար: Դեսպանը ողջունել է նաև այն փաստը, որ Հայաստանում կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում համաշխարհային միջին ցուցանիշից բարձր տոկոս է կազմում։  

 

Հանդիպման ընթացքում նախարարը և դեսպանը մտքեր են փոխանակել փոստային ծառայությունների, դրամի փոխարժեքի տատանումների, այլ երկրներից ՀՀ տեղափոխված ՏՏ մասնագետների, ստարտափներին տրամադրվող հարկային արտոնությունների և մի շարք այլ հարցերի շուրջ։

 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու ոլորտային համագործակցությունը նախանշված և հնարավոր բոլոր ուղղություններով: