Արմինֆո. "Գեոպրոմայնինգ" ընկերությունների խմբի մեջ մտնող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերքում է պոչամբարում տեղի ունեցած վթարի մասին տեղեկատվությունը:
«Այսօր մամուլում տեղ գտած հրապարակումները ԶՊՄԿ պոչամբարում իբր «պայթյունի» վերաբերյալ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Պոչամբարի «պայթյուն» ԶՊՄԿ-ում երբեք տեղի չի ունեցել, և վստահ չենք, արդյոք նման լուրեր տարածողները պատկերացնում են, թե ինչ բան է «պոչամբարի պայթյունը» և ինչ հետեւանք կարող է ունենալ նման մասշտաբի աղետի մասին կեղծ լուրերի տարածումը Հայաստանում և Հայաստանից դուրս։ Հետևաբար լրատվամիջոցների մեր գործընկերներից ակնկալում ենք նման դեպքերում չնպաստել կեղծիքի տարածմանը եւ տեղեկատվությունը ճշտել ԶՊՄԿ-ի հետ։ Միշտ պատրաստ ենք տրամադրել իրական պատկերը, ինչը և անում ենք ստորեւ։
ԶՊՄԿ-ում տարիների ընթացքում մի քանի անգամ տեղի է ունեցել պոչատարից արտահոսքի դեպք։ Վերջին անգամ նման դեպք գրանցվել է ավելի քան երկու ամիս առաջ՝ ս/թ-ի հոկտեմբերի 13-ին։ Օպերատիվ գործողությունների արդյունքում աղտոտման տարածումը կանխվել է։ Արտահոսքի մասին տեղեկացվել են ՀՀ Սյունիքի մարզի Բնապահպանության և Ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները։
Նախկինում՝ (2017-2021) պոչատարից տեղի ունեցած վթարների քանակը հինգն են, որոնց դեպքում աղտոտման է ենթարկվել Ողջի գետը և հարուցվել է քրեական գործ (մեկ դեպքում)։
Հարկ ենք համարում նշել, որ նման միջադեպերի խորքային պատճառները՝ ԶՊՄԿ-ում տարիների ընթացքում կուտակված թե' ընթացակարգային, թե' տեխնիկական վերազինման անհրաժեշտության հետ կապված խնդիրն է։ ԶՊՄԿ նոր սեփականատեր ՝ Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը 2021 թ. հոկտեմբերից ստանձնել է ընկերության կառավարումը, հանձնառելով ԶՊՄԿ-ում առկա բնապահպանական, սոցիալական և կառավարչական խնդիրների աստիճանական բացահայտման և լուծման պարտավորություն։
Այժմ իրականացվում է առկա իրավիճակի համապարփակ աուդիտ և գնահատում։ Խնդիրների մասին պարբերաբար կտեղեկացվի հանրությանը՝ ներկայացնելով տարիների կուտակված հարցերի լուծման ռազմավարությունը։
ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության հենասյունն է և դրա ներուժը լիարժեք բացահայտելն ու օգտագործելը՝ հաշվի առնելով կուտակված խնդիրները, պահանջելու են երկար, հետևողական աշխատանք, զգալի միջոցներ և բոլոր մասնակիցների, այդ թվում՝ ազդակիր համայնքների, կոլեկտիվի, հասարակության և ԶԼՄ-ների համատեղ ջանքերը», - ասվում է ԶՊՄԿ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ GeoProMining ընկերությունների խումբը, որը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ներդրողներից մեկն է, երկրում աշխատում է 15 տարի ։ Խմբի հայկական ակտիվները բաղկացած են Սոթքի ոսկու հանքից, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից ։ 15 տարվա գործունեության ընթացքում խումբն իր հայկական ձեռնարկությունների արդիականացման համար ներդրել է ավելի քան 400 մլն ԱՄՆ դոլար ։ Խմբի սոցիալական ներդրումների չափը ներկայության շրջանների զարգացման գործում գերազանցում է 10 միլիոն ԱՄՆ դոլարը ։ 2021 թվականի սեպտեմբերին GPM խմբի կողմից կառավարվող «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք է բերել Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (Zangezur Copper Molybdenum Combine CJSC) բաժնետոմսերի 60%-ը ՝ Հայաստանի կառավարությանը փոխանցելով իր բաժնեմասի 25%-անոց փաթեթը, որի կառավարումը 2022 թվականի հունվարին փոխանցվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ANIF) ՝ պահպանելով պետական սեփականության իրավունքը ։