
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 6-ին կազմակերպվել էր «Հայ-իրանական բիզնես գործակցության հեռանկարները» խորագրով հանդիպում-քննարկում՝ նվիրված հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բիզնես-նախագծերի իրականացմանը։
Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ առևտրաշրջանառությունը այս տարվա 10 ամիսների ընթացքում բավական աճել է. նախորդ տարվա համեմատ ցուցանիշների մոտ 45,5% աճ է գրանցվել։ Երկու երկրների միջև ձևավորվել է լավ բիզնես համագործակցություն, որն առավել խթանելու համար պետք է ակտիվորեն զարգացնել փոխգործակցությունը։
Նախարարության հաղորդագրության համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն 100-ից ավել իրանական ընկերություններ։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 565.5 մլն դոլար, ինչը 45.3%-ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։ Ընդ որում, արտահանումն աճել է 82,4 տոկոսով՝ մինչեւ 91,7 մլն դոլար, ներմուծումը՝ 39,8 տոկոսով՝ մինչեւ 473,8 մլն դոլար: