Արմինֆո. Հայաստանն առաջատար է օտարերկրյա ուղղակի ներդրումների աճի տեմպերով։
Ինչպես այսօր Բիշքեկի ներդրումային գագաթնաժողովում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը 2022 թվականին ավելացել է հինգ անգամ։ Բելառուսի տնտեսության մեջ ներդրումներն աճել են 1,6 անգամ, Ղազախստանում՝ 2 անգամ, Ղրղզստանում՝ 1,9 անգամ։
"Կարծում եմ, որ ԵԱՏՄ զարգացման նոր փուլը կապված կլինի հենց ներդրումային-ինովացիոն համագործակցության ուժեղացման և նախագծային ինտեգրման հետ", - նշել է Մյասնիկովիչը: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը պատմել է ընդհանուր շուկայի կայուն գործունեության ապահովման ուղղությամբ հանձնաժողովի ձեռնարկած օպերատիվ հակաճգնաժամային միջոցառումների մասին: "Զրոյացվել են ներմուծման մաքսատուրքերը ավելի քան 1300 ապրանքախմբերի համար, ինչը մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլարի աջակցություն է ընկերություններին", - ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը:
Նա նաեւ ուշադրություն է հրավիրել հանձնաժողովի աշխատանքին առավել հեռանկարային նախագծերով, որոնք կարող են դառնալ եվրասիական ինտեգրման խորհրդանիշները, եւ գագաթնաժողովի մասնակիցներին կոչ է արել համագործակցության առաջարկներ նախաձեռնել: "ԵԱՏՄ տեխնոլոգիական զարգացման կարևորագույն խնդիրն անհնար է իրականացնել առանց գործարար համայնքի ակտիվ մասնակցության", - ամփոփել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:
Դրա հետ մեկտեղ Մյասնիկովիչն առաջարկել Է ԵԱՏՄ շրջանակներում ստեղծել միասնական գիտա-նորարարական տարածք։ Դա թույլ կտա համահարթել գիտական հանրության և բիզնեսի միջև համագործակցությունը կարգավորող Միության երկրների նորմատիվ-իրավական բազայի տարընթերցումները։ "Դա հատկապես արդիական է՝ հաշվի առնելով հսկայական արտաքին ճնշումը, - ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը։ - Ինքնաբավ կայուն զարգացումը մեր երկրների տնտեսական բարեկեցության գրավականն է":
ԵՏՀ Կոլեգիայի նախագահն առաջարկել է վերանայել գիտական ոլորտի կարգավորման մոտեցումները և ԵԱՏՄ շրջանակներում ստեղծել միասնական գիտաինովացիոն տարածք: "Այժմ պահպանվում են գիտության կառավարման, գիտական և նորարարական գործունեության կարգավորման օրենսդրական գործիքների և տնտեսության մեջ գիտական մշակումների ներդրման մեխանիզմների էական տարբերությունները։ Գիտական և նորարարական միասնական տարածքը թույլ կտա այդ անհամապատասխանությունները համահարթել", - հայտարարել է նա:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը զեկույց է նախապատրաստել Եվրասիական տնտեսական միության երկրներում գործարար և ներդրումային միջավայրի վիճակի մասին։ Զեկույցի նպատակն է բացահայտել լավագույն փորձը ' բիզնեսի հիմնադրման և վարման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու և, համապատասխանաբար, ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով:
Զեկույցում կատարվել է գործարար միջավայրի վիճակի վերլուծություն, դիտարկվել են ձեռնարկատիրական գործունեության կարգավորման քաղաքականության ազատականացման միջոցառումները, վերլուծվել են ԵԱՏՄ պետություններում և երրորդ երկրներում ներդրումային միջավայրի վիճակի միջազգային վարկանիշները: