
Արմինֆո. 2022թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն` Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարերի քանակը նվազել է 800֊ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ։
«Այդ ժամանակում Հայաստան է մտել ԵԱՏՄ բեռներով մոտ 2071 մեքենա և հերթերը դեպի Հայաստան եկող հոսքում աննշան են։ Վերին Լարսի թողունակությունը մեծացել է այնտեղ կատարվող ընդլայնման աշխատանքների արդյունքում։ Ըստ տվյալների` այժմ բեռնատարերը մոտ վեց օր են անցկացնում Վրաստանում», - գրել է Քերոբյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ "Վերին Լարս" անցակետում գործարկվել է տրանսպորտի երթեւեկությունը դեպի Ռուսաստան մուտքի 12 նոր գծերով ։ "Տեղեկատվության համաձայն, ՌԴ պետական սահմանի Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի թողունակությունը մեծացնելու և "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի տարանցիկ ներուժն ամրապնդելու նպատակով Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը և «Ռոսգրանստրոյը» իրականացնում են երկրի համար այս կարևորագույն օբյեկտի վերակառուցման նախագիծը: Մոնտաժային աշխատանքներն իրականացվում են 2021 թվականից", - նշված է աղբյուրում։ Վերին Լարսի թողունակությունը, ըստ օբյեկտի անձնագրի, կազմում է օրական 400 տրանսպորտային միջոց: Տարիներ շարունակ փաստացի անցումը մի քանի անգամ գերազանցել է անձնագրային ցուցանիշները։ Վերակառուցման շնորհիվ սահմանային անցակետի հզորությունը կաճի մինչեւ օրական 2,5 հազար փոխադրամիջոց՝ "պիկ ժամանակահատվածներում" էլ ավելի մեծ երթեւեկություն ապահովելու ներուժով։