
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին, փոխդեսպան պարոն Ջիովաննի Նիկոլա Դիոնիսին և իտալական Salvatore Caputo կոշիկի բրենդի ներկայացուցիչներին՝ «Էնթերփրայզ Արմենիայի» ներկայացուցիչների ուղեկցությամբ։
Նախարարության հաղորդագրության համաձայն, Salvatore Caputo-ի ներկայացուցիչների ճանաչողական այցը Հայաստան իրականացվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպված «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի ընթացքում ձևավորված գործնական կապի արդյունքում։
Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված գործող ծրագրերն ու աջակցության գործիքակազմը, թեթև արդյունաբերության ոլորտում նախատեսվող առաջիկա գործողությունները։
Հիշեցնենք, որ ս. թ. ապրիլին Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացվեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման 5-ամյա ռազմավարական ծրագիրը, որը մշակվել էր գործարանների աուդիտի, անհատական խորհրդատվությունների, ինչպես նաև արդյունաբերության փորձագետների կողմից ներկայացված պատկերացումների հիման վրա։ Նախարարությունում նշել են, որ տվյալ ժամանակահատվածում Հայաստանի տեքստիլ արդյունաբերության մեջ ներգրավված է ավելի քան 8.4 հազար աշխատող: Մինչև 2026 թվականը ռազմավարության իրականացման արդյունքում այդ ցուցանիշը կնվազի մինչև 8.1 հազար մարդ։ Սակայն, միևնույն ժամանակ, կբարձրանա արտադրողականությունը, միջին աշխատավարձը կհասնի մոտ 160 հազար դրամի (աճը ՝ մեկուկես անգամ), իսկ արտահանման ծավալները կկազմեն 536.9 մլն դոլար։
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տեքստիլի արտադրության ծավալը տարեկան կտրվածքով աճել է 55,4% - ով ՝ հասնելով 2,3 մլրդ դրամի։
Հայաստանի եւ Իտալիայի միջեւ առեւտրաշրջանառությունն այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 266.8 մլն դոլար' տարեկան 11.3% աճով: Մասնավորապես, արտահանումն աճել է 8.5%-ով՝ մինչև 55.1 մլն դոլար, ներմուծումը՝ 12.1%-ով՝ մինչև 211.7 մլն դոլար։