
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական բարձրացումը' այս անգամ մինչեւ 10,75 տոկոս, պայմանավորել է արտաքին պահանջարկի ավելացման հետ կապված ռիսկերի կառավարման անհրաժեշտությամբ: Այդ մասին դեկտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա, մասնավորապես, նշել է, որ ԿԲ խորհրդի այսօրվա նիստում դիտարկվել է իրադարձությունների հնարավոր զարգացման 2 սցենար։ Առաջինը, նրա խոսքով, հաշվի է առել ռելոկանտների գործողություններից բխող արտաքին բարձր պահանջարկի պահպանումը, ինչը կշարունակի ճնշում գործադրել գների եւ գնաճի վրա, եւ հրահրված կլինի օտարերկրյա այցելուների թվի ավելացմամբ։ "Մեր պատկերացումների համաձայն, դա կարող է արմատավորել գնաճային սպասումների ռիսկերը։ Եվ այսօր մեր արձագանքը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման տեսքով, պայմանավորված էր այդ սցենարի ամբողջական իրագործման հավանականությամբ", - պարզաբանել է նա։
Երկրորդ սցենարը, ինչպես նշել է ԿԲ ղեկավարը, հաշվի է առել ռելոկանտների մի մասի մեկնելու հնարավորությունը, ինչը ենթադրում էր արտաքին պահանջարկի թուլացում, ինչի պատճառով սպասվածից ավելի արագ կարող էին սրբագրվել գները՝ դեպի նվազում։
"Բայց, մեր կանխատեսումներով, արտաքին պահանջարկի ավելացման հետ մեկտեղ նկատվում են աճի ռիսկեր, ինչն ամրագրված է առաջին սցենարում։ Եվ կրկին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու ՀՀ ԿԲ որոշումը ելնում էր այդ ռիսկերը կառավարելու անհրաժեշտությունից", - ընդգծել է նա։
Դրա հետ մեկտեղ, Գալստյանը նշել է, որ Հայաստանի բանկային համակարգում ավանդներն աճում են, հիմնականում, ոչ ռեզիդենտների արտարժութային միջոցների հաշվին, որոնց մի մասը նրանք պահում են ընթացիկ հաշիվներում, իսկ մյուս մասը՝ ժամկետային ավանդներում ՝ անկախ տոկոսադրույքի մակարդակից:
ԿԲ ղեկավարը ձեռնպահ է մնացել բանկային հատվածի ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումներից՝ դա հիմնավորելով աշխարհաքաղաքական շատ բարձր անորոշության գործոններով։ Ընդ որում, նա, այնուամենայնիվ, նշել է, որ մինչեւ 2022 թվականի վերջը, ՀՀ ԿԲ ակնկալիքներով, բանկերի ցուցանիշները կպահպանվեն դրական դինամիկայում։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2022թ. նոյեմբերի դրությամբ ՀՀ բանկային համակարգում ոչ ռեզիդենտների ավանդների ծավալը գերազանցել է 1.4 տրլն դրամը, տարեկան 66.2% աճով: Դրանց 86.2%-ը կամ ավելի քան 1.2 տրլն դրամը ($3.1 մլրդ) ոչ ռեզիդենտների ավանդներն են արտարժույթով՝ տարեկան գրեթե 2 անգամ աճով։