
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է "Մանթաշյանց" բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ներկայացրել եմ Հայաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, տնտեսական աճի կանխատեսումները, որը կարող է հասնել առավելագույնի: Անդրադարձել եմ նաև տնտեսության առաջահերթություններին, տնտեսության արտադրողականության աճին: Կարևորել եմ տնտեսության արդիականացման ծրագիրը, որի ներքո ընկերությունները կարող են սարքավորումներ և հոսքագծեր ձեռք բերել, ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների իրենց աշխատանքներում, քանի որ տնտեսության արդիականացումը և տնտեսության ընդհանուր մրցունակության բարձրացումն ունի 3 գլխավոր ուղղություն` սարքավորումների և հոսքագծերի արդիականացում, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում, ընկերություններում գործընթացների արդիականացում: Ծրագրի շնորհիվ` նոյեմբերի վերջի դրությամբ 614 ընկերություն արդեն իսկ ձեռք է բերել 42 մլրդ դրամի սարքավորումներ և հոսքագծեր: Կարևորել եմ նաեւ ՀՀ տնտեսության զարգացման գործում Մանթաշյանց ակումբի ձեռներեցների ներդրումը և պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին:
Այս տարվա ընթացքում ակումբի անդամ գործարարների հետ ունեցել եմ 7 առանձին հանդիպումներ, որոնցից յուրաքանչյուրին մասնակցել է 10 գործարար: Որոշ գործարարների հետ հանդիպել եմ կրկնակի անգամ: Ընդհանուր առմամբ հանդիպումներ եմ ունեցել ակումբի 60 անդամների հետ և մասնակցել 2 քննարկում հանդիպումների», - գրել է նախարարը: