Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2022 19:43
Ալինա Հովհաննիսյան

Կորեայի Հանրապետությունը կաջակցի Հայաստանին ՓՄՁ մրցունակության բարձրացման գործում

Կորեայի Հանրապետությունը կաջակցի Հայաստանին ՓՄՁ մրցունակության բարձրացման գործում

Արմինֆո.Գիտելիքի փոխանակման ծրագրի (Knowledge Sharing Program) շրջանակներում Հայաստան է ժամանել Կորեայի Հանրապետության պատվիրակությունը՝ «Հավաստագրման համակարգի օգտագործումը նորարարական ՓՄՁ-ների բացահայտման և խթանման համար» ծրագիրը քննարկելու և Էկոնոմիկայի նախարարության հետ վերջինիս իրականացման գործողությունների ծրագիրը երկուստեք հաստատելու նպատակով։

Ինչպես հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ տնտեսության կայուն և ներառական զարգացմանը նպաստող նորարարական և մրցունակ ՓՄՁ-ների ձևավորման և զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը։

 

Այցի շրջանակներում դեկտեմբների 19-ին կորեական պատվիրակության անդամները հանդիպել են նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի հետ: Քննարկվել և սահմանվել են նորարարական ՓՄՁ-ների բացահայտման և խթանման քաղաքականության առաջնահերթությունները։ Կորեական կողմը ներկայացրել է խորհրդատվական-ուսումնական համառոտ ակնարկ՝ ոլորտում հաջողություններ գրանցած կորեական փորձի և Հայաստանում ներդրման հետ կապված հետազոտությունների վերաբերյալ։

 

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով, ՓՄՁ-ների մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ - ում կազմում է շուրջ 27 տոկոս: ՀՀ-ում ՓՄՁ-ն հիմնականում զբաղվում է մանրածախ առևտրով, ընդ որում, այս ոլորտի առյուծի բաժինը կենտրոնացած է, հիմնականում, Երևանում։ Գերատեսչությունը նախատեսում է առաջիկա 5 տարիների ընթացքում այդ ցուցանիշը հասցնել 50 տոկոսի։