Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2022 19:28
Ալեքսանդր Ավանեսով

Ազգային ժողովն ընտրել է ԿԲ նախագահի տեղակալ եւ ԿԲ խորհրդի նոր անդամ

Ազգային ժողովն ընտրել է ԿԲ նախագահի տեղակալ եւ ԿԲ խորհրդի նոր անդամ

Արմինֆո.Ազգային ժողովը դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին և ԿԲ Խորհրդի նոր անդամին:

 

ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը ներկայացրել է Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը, իսկ ԿԲ խորհրդի անդամի պաշտոնի համար՝ Նարեկ Ղազարյանին: Երկու թեկնածուներն էլ ստացել են պատգամավորների 70-ական ձայն։

 

Մեկ օր առաջ, ներկայացնելով երկրի բանկային համակարգի զարգացման իր տեսլականը, Արմեն Նուրբեկյանը, ով իր աշխատանքային գործունեությնա մեծ մասն անցկացրել է ԿԲ-ում, կարեւոր է համարել գնաճի վերադարձը 4% (+_ 1,5%) նպատակային մակարդակին: Նա վստահություն է հայտնել, որ ԿԲ-ն կօգտվի դրամավարկային քաղաքականության բոլոր գործիքներից ' այդ նպատակին հասնելու համար: Նա նաեւ ընդգծել է, որ ԿԲ-ն պատրաստ է իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների ՝ երկրի ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար: Նա նաեւ ԿԲ-ի համար կարեւոր է համարել հասարակության հետ ավելի լայն հաղորդակցության ապահովումը՝ որպեսզի հասկանալի լինի բնակչության համար, կարողանա հետադարձ կապի մեխանիզմներ ստեղծել նրա հետ:

 

Իր հերթին՝ ԿԲ խորհրդի նորընտիր անդամ Նարեկ Ղազարյանը նախօրեին նշել էր, որ նոյեմբերի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է ամենացածր գնաճը՝ տարածաշրջանի երկրների շրջանում: Նա նշել էր, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի զգալի դանդաղման, արտաքին շուկաների կողմից գնաճային ճնշումների շարունակական թուլացման, ինչպես նաև համախառն պահանջարկի թուլացման պայմաններում Հայաստանի տնտեսությունում պետք է ակնկալել գնաճի աստիճանական նվազում, որը 2023թ. երկրորդ կեսին կմոտենա նպատակային մակարդակին։

 

Նշենք, որ Կենտրոնական բանկի խորհուրդը բաղկացած է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից եւ խորհրդի հինգ անդամներից, որոնց ընտրում է ՀՀ Ազգային ժողովը՝ վեց տարի ժամկետով: