Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2022 18:35
Ալեքսանդր Ավանեսով

2023 թվականին Հայաստանում կիրականացվի 11,36 մլրդ դրամի 44 սուբվենցիոն ծրագիր

2023 թվականին Հայաստանում կիրականացվի 11,36 մլրդ դրամի 44 սուբվենցիոն ծրագիր

Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:
 

Նիստին ներկա են եղել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը եւ շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:


Կառավարության հաղորդագրության համաձայն, ողջունելով ներկաներին, փոխվարչապետ Խաչատրյանը նշել է, որ օրակարգում է 2023 թվականին նախատեսվող թվով 44 սուբվենցիայի ամբողջական փաթեթների քննարկումը, որոնց ընդհանուր գումարը կազմում է 11,36 մլրդ դրամ, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 5.9 մլրդ դրամ:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել ՀՀ 9 մարզում ծրագրերի իրականացման համար:

Հիմնական ծրագրերն ուղղված են բնակավայրերի փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցմանը եւ հիմնանորոգմանը, գյուղատնտեսական մեքենասարքավորումների ձեռքբերմանը, խմելու ու ոռոգման ջրերի համակարգերի կառուցմանը եւ այլ ենթակառուցվածքների զարգացմանը։