Արմինֆո. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում երեկ շարունակվել է նախորդ օրը մեկնարկած հանդիպումը միջազգային դոնոր կազմակերպությունների՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ։
Հիմնադրամի հաղորդագրության համաձայն, քննարկման թեման Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման հետ կապված հարցերն էին։
Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանն ընդգծել է, որ Սիսիան-Քաջարան մոտ 60կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը լոկ ճանապարհաշինական ծրագիր չէ, այն ռազմավարական կարևորություն ունեցող նախագիծ է, և հնարավորինս շուտ պետք է տրվի այդ ճանապարհի կառուցման մեկնարկը։
ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ արծարծվել են ծրագրի ֆինանսավորման հնարավոր տարբերակները, ծրագրի շրջանակում գնումների գործընթացի ներկա փուլին, հողերի օտարմանը, բնապահպանական խնդիրներին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր։ Անդրադարձ է եղել ճանապարհի կառուցման նախագծին, հատկապես ճանապարհային անվտանգության տարրերին, դիտարկվել է դրանց համապատասխանությունը ԵՄ դիրեկտիվներին։ Քննարկվել են նաև միջազգային խորհրդատուների՝ ծրագրին առնչվող դիտարկումները։
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը հունվարի 5-ին հավանություն է տվել "Հյուսիս-Հարավ" ավտոմոբիլային ճանապարհի կառուցման նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների հաշվին ներդրումային վարկ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագրի վավերացմանը: Ինչպես ասվում է փաստաթղթին կից պարզաբանման մեջ, նախագիծը ֆինանսավորում են Հայաստանի Հանրապետությունը և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 236 681 000 ԱՄՆ դոլար, այդ թվում ՝ 150 000 000 ԱՄՆ դոլար վարկի տեսքով և 86 681 000 ԱՄՆ դոլար Հայաստանի Հանրապետության կողմից համաֆինանսավորման տեսքով:
Հիշեցնենք, որ Սիսիան-Քաջարան հատվածը ներառելու է 27 կամուրջ՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ, և 9 թունել՝ 12.5 կմ ընդհանուր երկարությամբ։