Արմինֆո. Բեռլինում կայացած Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումի (Global forum for food and agriculture - GFFA) ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսել է հումանիտար հսկայական այն աղետի մասին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով։ Այդ մասին նախարարը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Մեկ անգամ ևս նշել եմ, որ ավելի քան 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, կանգնած է Լեռնային Ղարաբաղում պարենային անվտանգության և ընդհանուր հումանիտար աղետի անմիջական սպառնալիքի առաջ։ Այս կրիտիկական պայմաններում կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես պարենային անապահովության դեմ պայքարի համար պատասխանատու կազմակերպություններին, օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական կարիքները և փրկելու նրան հումանիտար աղետից», - գրել է Քերոբյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը մտացածին բնապահպանական պատրվակով փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արցախի բնակչությունն արդեն մեկ ամսից ավելի գտնվում է շրջափակման մեջ ՝ զուրկ ապրուստի տարրական միջոցներից։ Հունվարի 9-ից Արցախը զրկվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից ՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների պատճառով։ Հանրապետությունում ամենօրյա ռեժիմով հովհարային անջատումներ են տեղի ունենում։ Ավելին, հունվարի 12-ին թշնամական կողմը վնասել էր նաև երկրի բնակչությանը ինտերնետով և հեռախոսակապով ապահովող կապի մալուխը, որը վերականգնվել է հունվարի 14-ին՝ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ։ Հավելենք նաև, որ հունվարի 17-ին ՝ կեսօրին մոտ, թշնամական կողմը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Բանակցությունների միջոցով հաջողվել էր երեկոյան վերականգնել գազամատակարարումը։ Հունվարի 18-ին Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: Հունվարի 20-ին ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, իսկ հունվարի 22-ին ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է գազատարը։