Երեքշաբթի, 24 Հունվարի 2023 20:49
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Կատարը քննարկել են ներդրումային համագործակցության հնարավորությունները

Հայաստանն ու Կատարը քննարկել են ներդրումային համագործակցության հնարավորությունները

Արմինֆո. Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի Պետության ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Իբրահիմ Ալ-Մահմուդին:

 

Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները: Հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շարքում առանձնացվել են տուրիզմը, ՏՏ ոլորտը, մշակութային փոխգործակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկիրը ողջունում է զարգացող ոլորտներում ներդրումային համագործակցության առաջարկները եւ հավելել, որ դրանց իրականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

 

Հանդիպմանը քննարկվել են ներդրումների ներգրավման համար իրականացված օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները: Ներդրումային գործակալության տնօրենը գործընկերներին է ներկայացրել առաջիկա ծրագրերի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն: Նրա խոսքով Հայաստանը ներդրումային քաղաքականության առումով հուսալի գործընկեր է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության օրակարգի մշակման համար:

 

Նշենք, որ ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների ՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը Կատար է արտահանել 858.5 հազար դոլարի ապրանք, ինչը 2.7 անգամ գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։ Ներմուծման մաքսային արժեքը, ընդհակառակը, տարեկան կտրվածքով նվազել է 46,1 տոկոսով՝ մինչեւ 36,9 հազար դոլար: