
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով։ Այդ մասին նախարարը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Այս նախագծով առաջարկում ենք կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցումը փոխարինել ակրեդիտիվի բացման մեխանիզմով։ Ներայացրել եմ տվյալ փոփոխության անհրաժեշտությունը և նշել, որ իրենց կողմից ներկայացված առաջարկները նույնպես կդիտարկվեն։
Մասնակիցներն էլ ներկայացրել են իրենց դիրքորոշումը փաստաթղթային ակրեդիտիվի կիրառման վերաբերյալ՝ հաշվի առնելով կառուցապատման ոլորտում առկա խնդիրները և բանկային ռիսկերը», - գրել է նախարարը։
Նշենք, որ փաստաթղթային ակրեդիտիվը թողարկող բանկի հաստատուն պայմանական դրամական պարտավորությունն է՝ վաճառողին (շահառուին) որոշակի գումար վճարել՝ ժամանակին ակրեդիտիվի պայմաններին համապատասխանող փաստաթղթեր տրամադրելու դեպքում: Միևնույն ժամանակ, բանկը հանդես է գալիս որպես միջնորդ վաճառողի և գնորդի միջև, քանի որ նրա միջոցով փաստաթղթերը ներկայացնելուց հետո վճարումը կատարվում է: Այլ կերպ ասած՝ ակրեդիտիվը գնորդի և վաճառողի միջև հաշվարկների հատուկ ձև է, որը պաշտպանում է երկուսին էլ: Պարզ ասած՝ դա բանկի երաշխիք է առ այն, որ վաճառողը վճարը կստանա, եթե կատարի որոշակի պայմաններ: