
Արմինֆո.Թուրքիայի հետ սահմանի բացումը կհանգեցնի Հայաստանի տնտեսության բարձր աճի։ "Արմենպրես"-ի տեսահարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Այս համատեքստում նա ընդգծել է, որ թուրքական շուկան և հաղորդակցությունների ապաշրջափակումը լայն հնարավորություններ կբացեն Թուրքիայի և Մերձավոր Արևելքի երկրների շուկա ապրանքների մատակարարման մասով։
«Պետք չէ դրան լոկալ փոքր պատկերով նայել։ Սա մեծ պատկերի փոքր մաս է: Եվ եթե աշխարհաքաղաքական հանգամանքները լինեն մեր օգտին, ապա վստահ եմ, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտները կզգան դրական էֆեկտ», - ասել է նախարարը։
Հարցին, թե արդյոք նախարարությունը ռիսկեր չի տեսնում տեղական արտադրողների համար, Քերոբյանը նկատել է, որ ռիսկեր միշտ էլ կան, բայց կառավարությունը լուրջ աշխատանք է տանում այդ ուղղությամբ ՝ իրականացնելով պետական աջակցության աննախադեպ ծրագրեր, որոնք տեղական ձեռնարկություններին հնարավորություն են տալիս արդիականացնել սարքավորումներն ու գործընթացները ՝ մրցունակությունն ու արտադրողականությունը բարձրացնելու համար:
Նշենք, որ ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ Հայաստանից Թուրքիա արտահանումը 2022թ. առաջին կիսամյակում մի քանի անգամ աճել է՝ 106 հազար դոլարից հասնելով 20.3 մլն դոլարի: Թուրքիայից Հայաստան ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3.4 անգամ՝ հասնելով 97.8 մլն դոլարի: