Հինգշաբթի, 9 Փետրվարի 2023 11:40
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Չեխիան մտադիր են ընդլայնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության շրջանակները

Հայաստանն ու Չեխիան մտադիր են ընդլայնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության շրջանակները

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ  արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

 

ԲՏԱ նախարարության հաղորդագրության համաձայն, Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է Պետր Պիրունչիկին նշանակման առթիվ  և մաղթել արդյունավետ գործունեություն։ Հաջորդիվ նախարարը դեսպանին է ներկայացրել  նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքները, «Ինժեներական քաղաք» ծրագրի նպատակը: Ռոբերտ Խաչատրյանը նաև ընդգծել  է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Չեխիայի միջև արդեն իսկ արդյունավետ համագործակցություն է ձևավորված, որն ընդլայնելու մեծ ներուժ ունի։

 

Պետր Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Հայաստան գալու առաջին օրվանից ցանկություն ուներ հանդիպելու կառավարության ներկայացուցիչների հետ և հաճելիորեն զարմացած է ԲՏԱ նախարարության արագ արձագանքից ։ Դեսպանը նաև հայտնել է, որ հասցրել է ծանոթանալ և պատկերացում կազմել նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, առանձնապես տպավորված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությամբ, տեղյակ է հայ ինժեներների բարձր որակավորումների մասին։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, ինժեներական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու, Չեխիայի Հանրապետությունում Թումոյի մասնաճյուղ բացելու  հնարավորությունները։

 

Ռոբերտ Խաչատրյանը և Պետր Պիրունչիկը երկուստեք պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել առավելագույնս ընդլայնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության շրջանակները։ -0-