Արմինֆո.2023 թ․ փետրվար և մարտ ամիսներին «Մի դրամի ուժը» կաջակցի Արցախում արևային ջրաջեռուցիչների տեղադրման նախագծին։
Իդրամն ու IDBank-ն ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունվար ամսվա ծրագիրը։ Idram&IDBank հավելվածով, IDBanking.am հարթակով, Idram.am կայքով և Բանկի ու Իդրամի տերմինալներով հունվարին կատարված վճարումների դիմաց Իդրամն ու IDBank-ը սեփական բյուջեից 3․008․215 դրամ նվիրաբերեցին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» կրթական ծրագրին։
Ընկերությունները հայտարարեցին նաև փետրվար, մարտ ամիսների շահառուներին․ նշված երկու ամիսների «մի դրամները» կուղղվեն Արցախում արևային ջրաջեռուցիչների տեղադրման նախագծին, որի դրամահավաքը նախաձեռնել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը։
Արցախի գյուղերի բնակիչների տնային տնտեսություններում արևային ջրաջեռուցիչների տեղադրումը կնվազեցնի նրանց կախվածությունը գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից, որոնք վերջերս մշտապես խափանվում են Արցախի շրջափակման պատճառով։
«Գազի և էլեկտրաէներգիայի խափանումների ժամանակ արևային ջրաջեռուցիչները մեծապես կթեթևացնեն բնակիչների հոգսերը, հետագայում էլ դրանք կբերեն գազի և էլեկտրականության ծախսերի կրճատման։ Հուսով ենք, որ մեր նվիրատուների և գործընկերների ջանքերով հնարավոր կլինի արագ կյանքի կոչել այս նախագիծը», - նշեց «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության փոխտնօրեն և Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը։ Արցախի կառավարության հետ համագործակցությամբ՝ «Մենք ենք մեր սարերը» իրականացնում է մի շարք նախագծեր՝ մեղմելու Արցախի շրջափակման հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամը։
«Էներգետիկ անկախության ապահովումը հատկապես կենսական է մերօրյա պայմաններում, երբ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի առջև։ Մենք կարծում ենք նաև մեր հայրենակիցները պետք է շարունակաբար զգան մեր աջակցությունը։ Մեր ընկերությունների համար առաջնային նշանակություն ունի այս պահին Արցախի բարօրության ապահովման վրա կենտրոնանալը», - ասաց IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
*****
«Մի դրամի ուժը» Իդրամ ընկերության ԿՍՊ ծրագիրն է, որին միացել է նաև IDBank-ը։ Ծրագիրն ուղղված է աջակցելու Հայաստանում կենսական և ռազմավարական կարևորություն ունեցող մի շարք ոլորտների զարգացմանը՝ առողջապահություն, կրթություն, կանաչ տնտեսություն, միջավայրի պահպանություն, սոցիալական պատասխանատվություն և հանրային անվտանգություն։ 2020թ. հունիսի 5-ից սկսած Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և Idram.am առցանց հարթակներով, երկու ընկերությունների տերմինալների միջոցով հաճախորդների կողմից կատարված բոլոր տեսակի վճարումների դիմաց «Մի դրամի ուժը» ծրագրին կտրամադրվի մեկ ՀՀ դրամ։ Այսպիսով, ցանկացած անձ, ով նշված տարբերակներով կկատարի վճարում, անմիջապես կդառնա «Մի դրամի ուժը» ծրագրի բարի կամքի դեսպանը՝ առանց մի դրամ ավել ծախսելու։
«Մենք ենք մեր սարերը» տարածաշրջանային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման ծրագրեր՝ սերտ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» ճգնաժամային պահին մարդասիրական օգնություն է տրամադրում Արցախի ժողովրդին՝ նպաստելով տարածաշրջանի ֆինանսական անկախությանը, բարելավելով առաջնային առողջապահությունը և աջակցելով երեխաներին ու երիտասարդներին։»