Ուրբաթ, 10 Փետրվարի 2023 18:02
Ալեքսանդր Ավանեսով

FLYONE ARMENIA ավիաընկերությունն արդեն կես միլիոն ուղևոր է տեղափոխել

FLYONE ARMENIA ավիաընկերությունն արդեն կես միլիոն ուղևոր է տեղափոխել

Արմինֆո.Ազգային ավիափոխադրող FLYONE ARMENIA-ի ուղևորների թիվը ավիաընկերության հիմնադրման  օրվանից ընդամենը 1 տարի անց հատել է 500․000-ի սահմանը։ Այդ մասին ասվում է փոխադրողի հաղորդագրությունում:

«Ավիաընկերությունը կարճ ժամանակահատվածում կարողացել է զբաղեցնել առաջատար դիրք Հայաստանի ավիափոխադրումների ոլորտում՝ տեղափոխելով ավելի քան 500. 000 հազար ուղևոր:

Հայկական 1-ամյա ավիաընկերությունը դեպի Հայաստան և Երևանից տարբեր քաղաքներ ուղևորափոխադրումների վիճակագրությամբ գերազանցում է բոլոր՝ այդ թվում ռուսական, եվրոպական մի քանի ավիաընկերություններին։

 

Հատկանշական է, որ 2003թ․ առ այսօր հայաստանյան որևէ ավիաընկերության չէր հաջողվել հայաստանյան ավիափոխադրումների ոլորտում վերականգնել առաջատար դիրքը։

FLYONE ARMENIA ավիաընկերության առաջին չվերթը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 18-ին։ Ընկերությունն արդեն իսկ թռիչքներ է իրականացնում դեպի Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության և Մերձավոր Արևելքի քաղաքներ, մասնավորապես՝ Մոսկվա, Փարիզ, Լիոն, Միլան, Սանկտ Պետերբուրգ, Եկատերենբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Ստամբուլ, Քիշնև, Թել Ավիվ, Բեյրութ, Դուբայ և Թբիլիսի։

Ընկերությունը խոստացածի պես ավելացրել է շահագործվող ինքնաթիռների թիվը և ընդլայնել իր ավիացիոն ուղղությունների քարտեզը. մինչև 2023թ․–ի ամառ՝ ավելացնելով չվերթեր դեպի ՌԴ քաղաքներ՝  Սամարա, Նովոսիբիրսկ և եվրոպական՝ Դյուսելդորֆ քաղաք», - ասվում է հաղորդագրությունում:

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է  օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

 

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք նախատեսված են 180 և 144 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: