Երկուշաբթի, 13 Փետրվարի 2023 11:59
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում պարբերաբար հանդիպումներ են անցկացվելու գործարար հատվածի հետ՝ խնդիրները բացահայտելու եւ լուծելու համար

Էկոնոմիկայի նախարարությունում պարբերաբար հանդիպումներ են անցկացվելու գործարար հատվածի հետ՝ խնդիրները բացահայտելու եւ լուծելու համար

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում գույքագրվել են ներկաների կողմից բարձրացված խնդիրները, որոնք մասնավորապես վերաբերում էին օրենսդրական կարգավորումներին և հարկային ոլորտի բարեփոխումներին։

 

Մտքերի փոխանակման ընթացքում քննարկվել են նաև հավասար մրցակցային պայմանների ապահովման կարևորությանը, առևտրի և ծառայությունների, վարչական իրավախախտումների, ընդերքի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։

 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները պարբերական դարձնելու վերաբերյալ։ Բոլոր բարձրացված հարցերը կհավաքագրվեն և հանգամանորեն կուսումնասիրվեն ոլորտի լիազոր մարմինների հետ համատեղ։