Երկուշաբթի, 13 Փետրվարի 2023 17:37
Ալինա Հովհաննիսյան

Քննարկվում է Հայաստանում գործազրկության ապահովագրության ինստիտուտի ներդրման հնարավորությունը, ՀԲ-ը խոստացել է օգնել

Քննարկվում է Հայաստանում գործազրկության ապահովագրության ինստիտուտի ներդրման հնարավորությունը, ՀԲ-ը խոստացել է օգնել

Արմինֆո. Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել  «Դուբայ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Աբդելլաթիֆ Աբուքուրահի հետ. հանդիպմանը մասնակցել է նաև «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ներսես Երիցյանը։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում գործազրկության ապահովագրական ինստիտուտի ներդրմանը, մասնավորապես՝ համակարգի ֆինանսական կառավարման ձևաչափերի, կարգավորումների և թվային գործիքների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։

 

Նախարար Մկրտչյանն ընդգծել է Հայաստանում վերոնշյալ ինստիտուտի ներդրման կարևորությունը, և այս համատեքստում օգտակար համարել արաբական փորձի ուսումնասիրման ու փորձի փոխանակման հնարավորությունը։ Նախարարը նշել է, որ հարցը քննարկվել է նաև Համաշխարհային բանկի հետ և վերջինս պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն տրամադրել։

 

Աբդելլաթիֆ Աբուքուրահը մանրամասներ է ներկայացրել համակարգի ստեղծման ու կառավարման գործընթացից՝ անդրադառնալով նաև կիրառվող հիմնական գործիքակազմին, պետության հետ համագործակցությանն ու առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում «Դուբայ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն ընդգծել է նաև հասարակության շրջանում համակարգի գործարկման վերաբերյալ առկա դրական արձագանքի կարևորությունը։

 

Նախարարն արաբական կողմին առաջարկել է ընդհանուր հետաքրքրքություն ներկայացնող հարցերի շուրջ Հայաստանում անցկացնել հանդիպում՝ ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչների և «Դուբայ» ապահովագրական ընկերության մասնակցությամբ։ Առաջարկվել է դիտարկել նաև հայկական ապահովագրական շուկայում «Դուբայ» ապահովագրական ընկերության հնարավոր ներգրավվածության հնարավորությունը։

 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքային քննարկումների միջոցով ընթացք տալ ձեռք բերված պայմանավորվածություններին։