
Արմինֆո.Անցած շաբաթ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին" օրենքում, որով նախատեսվում է երկրի ռեզիդենտներին հիփոթեքային վարկեր տրամադրել բացառապես ազգային արժույթով՝ դրամով:
Օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի ասելով, իշխանությունները մտադիր են շարքային քաղաքացիներին զերծ պահել տարադրամի տատանումներին առնչվող հնարավոր ռիսկերից: Նա նկատել է, որ վերջին շրջանում քաղաքացիների կողմից եվրոյով հիփոթեքային վարկերի ներգրավման միտում է դիտվում, ինչը կարող է տխուր արդյունքի բերել, քանի որ դեռ մի քանի ամիս առաջ եվրոյով վարկերը ներգրավվում էին 400 դրամ փոխարժեքով, իսկ այսօր դրանք մարվում են 420-430 դրամով:
Ներկայացված փաստաթուղթը, նրա կարծիքով, նպատակաուղղված է արժութային ռիսկերի նվազեցմանը, քանի որ քաղաքացիներն արդեն կախված չեն լինելու փոխարժեքների փոփոխականությունից։ Առաջարկի հիմնավորման մեջ Պապոյանը նշել է, որ չաշխատող դրամային վարկերի մասնաբաժինը երկրի բանկերի համախառն պորտֆելում կազմում է ընդամենը 1,5-2 տոկոս, իսկ արտարժութային վարկերի մասնաբաժինը ՝ 4,5-6 տոկոս: Շոկային ժամանակաշրջաններում, հատկապես, 2014 թվականին, չաշխատող վարկերի (NPL) մասնաբաժինը արտարժույթով աճել է մինչեւ 12%, իսկ դրամով մնացել է նույն մակարդակի վրա՝ 4,4%:
Մինչդեռ, հարկ է նշել, որ 2022 թվականին Հայաստանի բանկային համակարգը գրանցել է վարկային ներդրումների էական նվազում ինչպես տնտեսության, այնպես էլ մանրածախ առևտրի ոլորտում ։ Դրական էր միայն հիփոթեքային վարկավորման պորտֆելը: Նախորդ տարվա մարտի 31-ի դրությամբ հիփոթեքային վարկավորման ծավալը հասել է 711,1 մլրդ դրամի' հիփոթեքի մասնաբաժնի ավելացմամբ' նախաքովիդյան 8,5 տոկոսից մինչեւ ներկայիս 16,5 տոկոս: Այժմ ֆինանսատնտեսական իշխանությունները որոշել են օգտվել այդ պահանջարկից՝ հանուն ազգային արժույթի դիրքերի ամրապնդման։
Բնակարանաշինության ոլորտում պղպջակ է հասունանում
ԱրմԻնֆո-ին մեկնաբանելով իշխանությունների օրենսդրական նախաձեռնությունը՝ տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշել է, որ տեսականորեն բոլոր վարկերը, ինչպես նաև ավանդները պետք է տրամադրվեն ազգային արժույթով, բայց, դրա հետ մեկտեղ, պետք է ապահովվի ազգային արժույթի ազատ փոխարկումը։ «Բայց այս դեպքում, ինչպես ես հասկացա, խոսքը միայն հիփոթեքային վարկերի մասին է, իսկ արտարժութային ավանդները կամ այլ վարկեր՝ խնդրեմ: Բանն այն է, որ բնակարանաշինության ոլորտում պղպջակ է հասունանում։
Անհասկանալի է, թե որտեղից, եւ ես կարծում եմ, այդ թվում ՝ ապօրինի թողարկման արդյունքում վարկավորման հաշվին, վարկավորվում է մասշտաբային շինարարություն, եւ վաղ թե ուշ այդ փուչիկը պայթելու է։ Ուստի իշխանություններն արդեն այսօր ցանկանում են նվազեցնել ապագա ռիսկերը",- նշել է նախկին վարչապետը։
Նա հավելել է, որ երբ խոսքը գնում է "ապօրինի թողարկման մասին", ապա պետք է նկատի ունենալ, որ ազգային արժույթը 500 դրամից ամրապնդվել է մինչեւ 400 դրամ՝ 9 տոկոս բարձր գնաճի դեպքում, ինչի արդյունքում հսկայական գումարներ են գոյանում։ Ըստ էության, դրա հաշվին էլ ֆինանսավորվել է լայնածավալ շինարարությունը։
Թողարկման նախապատրաստում
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ուշ չէ նման որոշում կայացնել, հատկապես, այն ֆոնին, որ հիփոթեքային վարկեր ներգրաված շատ վարկառուներ դեռեւս մեկ տարի առաջ զգալիորեն շահել են դրամի ամրապնդման պատճառով, Բագրատյանը նշել է խնդիրների առկայությունը, կապված այն բանի հետ, թե ինչ են արել վարկատուներն այդ փողերը:
«Որքան ինձ հայտնի է՝ բնակարանային շինարարության ոլորտում պահուստային ֆոնդեր չկան։ Իսկ վարկատուները, ամենայն հավանականությամբ, շրջանառությունից հանել են այդ փողերը։ Այժմ իշխանությունները հույս ունեն, որ ճգնաժամի դեպքում կկարողանան ազգային արժույթի թողարկման հաշվին մեղմել ճգնաժամի հետեւանքները։ Դատեք ինքներդ. 2022 թվականին բանկերի շահույթն աճել է 4 անգամ։ Մինչդեռ թոշակառուներն, օրինակ, 6%-ով տուժել են (թոշակներն ավելացել են 7% - ով, իսկ մթերքների գները՝ 13%- ով)։ Դա թալան է: Նման իրավիճակի անթույլատրելիության մասին ես խոսել եմ դեռևս 2022թ. մարտ-ապրիլին։ Հաճելի է, երբ բնակարանային հերթի խախտման պատճառով իշխանությունները դատում են նախորդ իշխանության ներկայացուցիչներին։ Բայց ավելի հաճելի կլիներ, եթե դատախազը համարձակվեր քրեական գործ հարուցել ԿԲ և կառավարության ղեկավարության դեմ՝ այն բանի համար, որ նրանք 2022 թվականին Կենտրոնական բանկին թույլ տվեցին յուրացնել բնակչության մոտ 250 միլիոն դոլարը։
Բագրատյանը կարծում է, որ օրինագիծը կհանգեցնի վարկառուների իրավունքների ոտնահարման, հատկապես նրանց, ովքեր տոկոսները վճարում են փոխանցման միջոցների հաշվին։ Բայց իշխանությունները, շարունակել է տնտեսագետը, դրա հետ գործ չունեն։ «Բանկերի արտարժութային մուտքերը շատ ավելի քիչ կկրճատվեն, քան դրամով եկամուտները կաճեն։ Փորձը նաև ցույց է տալիս, որ նման կիսամիջոցները կարող են հանգեցնել այն բանին, որ ԿԲ-ի համար առաջանա "սեփական" փոխարժեք։ Միջոցառումը բանկերի համար կապահովի լրացուցիչ շահույթ, իսկ շարքային մարդկանց համար հիփոթեքային վարկերը կդառնան ավելի թանկ", - ընդգծել է նախկին վարչապետը։