Երեքշաբթի, 21 Փետրվարի 2023 12:13
Ալինա Հովհաննիսյան

Հայկական ընկերություններն ԱՅԴԵՔՍ 2023 ցուցահանդեսում «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում վերջին ձեռքբերումներն ու ներուժը

Հայկական ընկերություններն ԱՅԴԵՔՍ 2023 ցուցահանդեսում «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում վերջին ձեռքբերումներն ու ներուժը

Արմինֆո. Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի ազգային ցուցահանդեսների կենտրոնում (ADNEC) մեկնարկել է «ԱՅԴԵՔՍ 2023» (IDEX 2023) պաշտպանական տեխնոլոգիաների 16-րդ միջազգային ցուցահանդեսը:

Ինչպես հաղորդում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը, հայկական 18 ընկերություններ «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը: Ցուցադրված են ոչ միայն պատրաստի արտադրանքներ, այլ նաև նորարարական նախագծեր:

 

Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը  շրջել է ցուցահանդեսի 12 թեմատիկ ցուցասրահներով, ծանոթացել ցամաքային, ծովային և հակաօդային պաշտպանության ոլորտների վերջին տեխնոլոգիաներին, մտքեր փոխանակել հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

«ԱՅԴԵՔՍ» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը համարվում է Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում ամենահեղինակային և ռազմավարական կարևորագույն միջոցառումներից մեկը,  համախմբում է պաշտպանական արդյունաբերության առաջատար և հեղինակավոր ղեկավարներին, ինչպես նաև տարբեր նորարար տեխնոլոգիական ընկերություններին, տեխնոլոգիական ոլորտի հայտնի փորձագետներին:

Միջոցառումը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ, բաղկացած է համաժողովից և ցուցահանդեսից, որոնց նպատակն է ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները և նորարարական լուծումները, որոնք կուղեկցվեն ոլորտի լավագույն փորձի և ձեռքբերումների ցուցադրմամբ