
Արմինֆո. 2022 թվականին ակտիվ տեմպերով աճել են Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները։ Այս մասին հաղորդում է "ՌԻԱ Նովոստի"-ն։
Աղբյուրի համաձայն, 2021 թվականի համեմատ Ռուսաստանից Հայաստան փոխանցումները քառապատկվել են՝ կազմելով 3,6 մլրդ դոլար։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից դեպի մերձավոր արտերկրի մի շարք երկրներ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն անցյալ տարի աճել են գրեթե մինչև 24 միլիարդ դոլար, ինչը 2,45 անգամ գերազանցում է 2021 թվականի արդյունքները: Անցյալ տարվա արդյունքներով փոխանցումների ծավալով բացարձակ առաջատար է դարձել Ուզբեկստանը. Ռուսաստանից այդ երկիր ֆիզիկական անձինք փոխանցել են 14,5 մլրդ դոլար՝ 2,6 անգամ ավելի 2021 թվականի համեմատ։ Իսկ աճի տեմպերի տեսանկյունից առաջատարը Ղազախստանն է. Ռուսաստանից այդ երկիր դրամական փոխանցումներն աճել են ավելի քան վեց անգամ՝ հասնելով 773 մլն դոլարի։ Ղազախստանից գրեթե հետ չի մնացել նաեւ Վրաստանը. Ռուսաստանից այնտեղ փոխանցումներն անցյալ տարվա արդյունքներով հնգակի աճ են արձանագրել՝ հասնելով մինչեւ 2 մլրդ դոլարի: "Գրեթե նույնքան ակտիվ աճել են նաև դեպի Հայաստան փոխանցումները. 2021 թվականի համեմատ դրանք ավելացել են չորս անգամ՝ մինչև 3,6 մլրդ դոլար", - ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Դեպի Ղրղզստան փոխանցումները նույնպես դրական դինամիկա են ցույց տվել, սակայն ոչ այնքան նկատելի, որքան համագործակցության մյուս երկրների համար. մեկ տարում դրանք 2,69 մլրդ դոլարից հասել են 2,78 մլրդ դոլարի: Ադրբեջանի կարգավորիչն առայժմ վիճակագրություն է հրապարակել 9 ամսվա արդյունքներով, սակայն այնտեղ էլ զգալի դինամիկա է նկատվել. փոխանցումներն աճել են 5,5 անգամ ՝ մինչեւ 2,3 մլրդ դոլար:
Իր հերթին, հակառակ ուղղությամբ, այսինքն, վերը թվարկված երկրներից դեպի Ռուսաստան փոխանցումները նախորդ տարվա արդյունքներով, չհաշված Ադրբեջանը, աճել են 1,27 անգամ՝ 1,45 մլրդ դոլարից մինչեւ 1,85 մլրդ դոլար: