
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում 2,387,497.6 հազար դրամ է հատկացրել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2021 և 2022 թվականների սուբվենցիայի 27 ծրագրերը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, մասնավորապես, իրականացվել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ բնակավայրերի 21 կմ ընդհանուր երկարությամբ գազատարի, Թալին համայնքի Լուսակն բնակավայրի խմելու ջրագծի կառուցման աշխատանքներ, Արարատի մարզի Մասիս բնակավայրի թիվ 3 մանկապարտեզի կառուցման, Զորակ և Այնթապ բնակավայրերի փողոցների նորոգման, Արտաշատ 12 բնակավայրի ոռոգման համակարգերի կառուցման/նորոգման աշխատանքներ: Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրում հիմնանորոգվել են մայթերը, Մեծամոր բնակավայրում կառուցվել է խմելու ջրամատակարարման ցանց, Ակնալիճ բնակավայրում՝ 500 գծմ երկարությամբ գազատար: Գեղարքունիքի մարզի Գավառ բնակավայրի կենտրոնական հրապարակում տեղադրվել է շատրվանային համակարգ, Զոլաքար համայնքում կառուցվել է մանկապարտեզի շենք, բարեկարգվել է տարածքը: Լոռու մարզի Սարահարթ բնակավայրում կառուցվել է ոռոգման համակարգ, Գոգարան բնակավայրում իրականացվել են կենտրոնական փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի սալարկում, Գյուլագարակ, Կուրթան և Հոբարձի բնակավայրերում՝ ճանապարհների ասֆալտապատում: Կոտայքի մարզի Աբովյան համայնքում կառուցվել է փողոցային լուսավորության համակարգ, Զորավան բնակավայրում իրականացվել են խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ, Ծաղկաձոր բնակավայրի Օրբելի եղբայրներ և Չարենցի փողոցների, Պահլավունյաց, Սարալանջ հատման հատվածով դեպի Մ.Մկրտչյան փողոց և դեպի Հայֆիդայիների փողոցի կոյուղագծերի կառուցման աշխատանքներ: Սյունիքի մարզի Գորիս բնակավայրում հիմնանորոգվում է թիվ 3 մանկապարտեզի շենքը, Շինուհայր և Տաթև բնակավայրերում վերանորոգվում են մանկապարտեզների շենքերը: Վայոց ձորի Վայք համայնքում իրականացվել են փողոցների վերանորոգման, Տավուշի մարզի Սևքար բնակավայրում՝ ճանապարհահատվածի հիմնանորոգում աշխատանքներ: