Ուրբաթ, 24 Փետրվարի 2023 12:41
Ալեքսանդր Ավանեսով

Ֆրանսիան պատրաստ է ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված մեթոդական աջակցություն տրամադրել Հայաստանին

Ֆրանսիան պատրաստ է ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված մեթոդական աջակցություն տրամադրել Հայաստանին

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ: 

 

Ինչպես հաղորդում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը, Ֆրանսիական զարգացման գործակալության խորհրդական Վաչե Փափազյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել է գործակալության կատարած աշխատանքները: Փափազյանը նշել է, որ ֆրանսիական կողմը ունի մեծ փորձառություն ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում և կարող է մեթոդական աջակցություն տրամադրել: 

 

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և նշել՝ քանի որ Վեդու ջրամաբարի շինարարությունը արդեն գտնվում է ավարտական փուլում, արդյունավետ գյուղատնտեսություն կազմակերպելու համար անհրաժեշտ է ավելի ակտիվ և ինտենսիվ խորհրդատվական աշխատանքեր կատարել: 

 

Վաչե Տերտերյանը կարևորել է նաև արդյունավետ համագործակցությունը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ: 

 

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի և Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են կատարված աշխատանքները, բարձրացրել մի շարք հարցեր և խնդիրներ և կարևորել են նման հանդիպումները։ 

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպում ունենալ ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ ծրագրի հետ կապված այլ հարցեր քննարկելու նպատակով: 

 

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 26-ին Վեդիի ջրամբարի շինարարությունը ֆինանսավորելու նպատակով Ֆրանսիական զարգացման գործակալությունը Հայաստանի Հանրապետությանը 75 մլն եվրոյի վարկ է հատկացրել (ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կկազմի 15 մլն եվրո) որի շրջանակներում նախատեսվում է կառուցել 29,4 խմ ծավալով և 120 հա ջրային մակերեսով ջրամբար: Ջրի աղբյուր կդառնան Արարատի մարզի Վեդի և Խոսրով գետերը: Ծրագրի ամբողջական իրականացումը հնարավորություն կտա մեղմել Արարատյան դաշտավայրում ջրի սակավությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցնել ինքնահոս ջրամատակարարման համակարգի, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայողության: Ծրագրի իրականացման արդյունքում Սևանա լճից ջրառը կկրճատվի 19 մլն խմ - ով, իսկ ոռոգելի հողատարածքների մակերեսը կավելանա մոտ 300 հա-ով: Ջրամբարի շահագործումից հետո կանջատվեն 11 պոմպակայաններ, ևս 3-ը ՝ մասնակի, տարեկան խնայողությունը կկազմի շուրջ 1 մլրդ դրամ կամ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ներցանցային տնտեսությունների կորուստները կկրճատվեն 20-25 տոկոսով։ Ծրագիրն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել չորս տարվա ընթացքում ։ Ջրամբարի կառուցումը Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունի։ Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր Արաքսի վրա խոշոր ջրամբարներ կառուցելու իր ծրագրերի մասին, ինչը հայկական կողմի համար ռիսկեր է պարունակում ոռոգման ջրի դեֆիցիտի տեսքով ։ Հայաստանը չի կարող լիովին չեզոքացնել նման ռիսկերը, սակայն Վեդիի ջրամբարը թույլ կտա մեղմել թուրքական ջրային էքսպանսիայի հետեւանքները։