Երկուշաբթի, 27 Փետրվարի 2023 12:06
Նաիրա Բադալյան

Հայկական մաքսատունը կանխել է Թուրքիայից ադամանդների ապօրինի ներկրումը երկիր

Հայկական մաքսատունը կանխել է Թուրքիայից ադամանդների ապօրինի ներկրումը երկիր

Արմինֆո.ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում օրերս  հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ 

 

ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն, Ստամբուլ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին  ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ» ուղու մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։

 

Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` քաղաքացու կողմից «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո, մաքսային ծառայողները քաղաքացուն ուղեկցել են «Կարմիր ուղի» հսկողության գոտի: Տվյալ քաղաքացին ենթարկվել է մաքսային հսկողության: Արդյունքում նրա գրպաններից հայտնաբերվել է 6  պոլիէթիլենային փաթեթվածք՝  լցված ադամանդանման քարերով՝ ընդհանուր 14 գրամ քաշով: Նրա մոտ առկա է եղել նաև 1 փաթեթ՝ լցված ադամանդանման քարերով՝ ընդհանուր 29 գրամ քաշով և 3 դատարկ այլ փաթեթ։ Հայտնաբերված ադամանդանման քարերի ընդահանուր քաշը կազմել է շուրջ 43 գրամ: 

 

Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով։ Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար` գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն: