Շաբաթ, 18 Մարտի 2023 15:51
Մարիաննա Մկրտչյան

Փոխվարչապետն ու ԱՄՀ առաքելության ղեկավարն անդրադարձել են վերջին մակրոտնտեսական գործընթացներին

Փոխվարչապետն ու ԱՄՀ առաքելության ղեկավարն անդրադարձել են վերջին մակրոտնտեսական գործընթացներին

Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի եւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսի հետ:


Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում փոխվարչապետ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄՀ պատրաստակամությունը մշտապես աջակցելու ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրերին:

Իվա Պետրովան, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել Հայաստանի կառավարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագայում եւս շարունակական կլինի:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին եւ հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում աշխատանքային ձեւաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները:

 

Նշենք, որ ԱՄՀ-ում ակնկալում են Հայաստանի տնտեսության 4,5 տոկոս աճ 2023 թվականին:

 

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2022թ. դեկտեմբերի 13-ին հաստատել է Հայաստանի պահուստային վարկավորման եռամյա ծրագիրը ՝ շուրջ $171.1 մլն (128.8 մլն SDR) գումարի չափով։ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին (Mehdi Raissi) նշել է, որ ԱՄՀ-ի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հիմնադրամի աշխատանքը միտված կլինի աջակցելու Հայաստանի իշխանությունների ջանքերին ՝ ուղղված մակրոտնտեսական կայունության պահպանմանը, ապագայում ներդրումներ կատարելուն, ներառական տնտեսական աճին ձգտելուն և բացասական ռիսկերից անվտանգության բարձիկ ապահովելուն: