Երեքշաբթի, 21 Մարտի 2023 12:19

Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում

Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում

Արմինֆո.Կոնվերս Բանկում ամփոփել են Էօրնեկեան հանրակրթական դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպված կամավորական փորձառության ծրագրի արդյունքները: Մասնագիտական կողմնորոշմանը աջակցելու նպատակով  իրականացվող ծրագրի շրջանակում Բանկի տարբեր ստորաբաժանումներում պրակտիկա են անցել և համապատասխան մասնագիտական գիտելիքներ ստացել մոտ մեկ տասնյակ դպրոցականներ:

Վկայագրերը նրանց է հանձնել Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ նա նշել է. «Դուք դինամիկ եք, ճկուն, ունեք ավելի մեծ հնարավորություններ մրցունակ կրթություն ստանալու, զարգանալու և լավ, պահանջված մասնագետ դառնալու համար: Կրթությունը ոչ միայն դպրոցում ստացած գիտելիքն է, այլև այն վերլուծելու, կիրառելու ունակությունը: Կրթվեք, ձգտեք ավելիին, ձեր գաղափարներով ու աշխատանքով փոխեք աշխարհը»:

Դպրոցականները ներկայացրել են իրենց տպավորությունները Բանկի և ծրագրի արդյունքների մասին. նշել են, որ Բանկի մասնագետների աջակցությամբ արդեն գործարկել և վարում են սոցիալական էջ, սկսել են աշխատել ծրագրավորման  որոշ լեզուներով, հաղորդակցման տեքստեր կազմել, ինչպես նաև հնարավորություն են ստացել մասնակցելու հաճախորդների սպասարկմանը:

Հանդիպումն ավարտվել է բանկային համակարգի զարգացման վերաբերյալ դպրոցականների կարծիքների փոխանակմամբ: