Երեքշաբթի, 21 Մարտի 2023 16:19
Կարինա Մելիքյան

Հայաստանի ֆոնդային բորսան ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է նոր առևտրային համակարգ՝ AMXTrader

Հայաստանի ֆոնդային բորսան ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է նոր առևտրային համակարգ՝ AMXTrader

Արմինֆո. Սույն թվականի մարտի 20-ից AMX-ը ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է նոր առևտրային համակարգ՝ AMXTrader, որը նոր տեսակի բորսայական պրոդուկտների ու գործիքների զարգացման և ներդրման հնարավորություն է տալիս ֆինանսական շուկայի մասնակիցներին:

Այն լրացուցիչ ճկունություն է հաղորդում շուկայի մասնակիցներին՝ թույլ տալով մեկ միասնական հարթակում իրականացնել մի շարք գործառույթներ: Այդ մասին ասվում է մարտի 21-ին Հայաստանի AMX ֆոնդային բորսայի տարածած հաղորդագրությունում։

 

Համակարգը գործարկվել է մասնակիցների կողմից թեսթավորումների մի քանի փուլեր անցնելուց հետո միայն, և այժմ այն վերջնական փոխարինում է հին՝ RTS-Armex Plaza համակարգին: Նոր համակարգում հայտերի հիմքում է լինելու ոչ թե եկամտաբերությունը, այլ գինը՝ համապատասխան միջազգային ստանդարտների։ Տարբեր մոդուլների շնորհիվ համակարգը հնարավորություն է տալիս առանձնացնելու ռեպո, հասցեական և երկկողմանի աճուրդով կնքվելիք հայտերն ու գործարքները։ Առաջարկված է տեղեկատվության ֆիլտրացիայի հարմարավետ համակարգ՝ անհրաժեշտ հայտերն ու գործարքներն արագ գտնելու և մշակելու համար։ AMXTrader-ն ունի հետադարձ կապի պատուհան, որի միջոցով մասնակիցները կարող են ինֆորմացիա ստանալ համակարգում տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ։

 

AMXTrader-ը իր նորարական լուծումներով մատչելի և արդյունավետ գործիք է Բորսայի անդամների, հովանավորվող հաճախորդների և ֆինանսական շուկայի այլ մասնակիցների համար։ Առաջին անգամ ֆիզիկական անձինք նույնպես կարող են գործարքներ կնքել անմիջապես Բորսայի հարթակներում։ AMXTrader համակարգը մեկ ամբողջական փաթեթով հնարավորություն է ընձեռում կատարել բորսայական գործարքներ թե՛ առաջնային, թե՛ երկրորդային շուկաներում։ AMXTrader համակարգը մասնակիցներին տալիս է հետևյալ առավելություններն ու հնարավորությունները՝

 

Ունենալ մեկ միասնական համակարգ արտարժույթի առևտրի, պետական ու կորպորատիվ արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաներում ինչպես աճուրդների, այնպես էլ առևտրի կազմակերպման համար;

նոր տեսակի բորսայական պրոդուկտների ու գործիքների զարգացման և ներդրման հնարավորություն; բորսայի անդամների հաճախորդների առևտրային համակարգին ուղղակի միանալու, հայտեր ներկայացնելու ու գործարքներ կնքելու հնարավորություն; ինտեգրել նոր հնարավորություններ և ծրագրային հավելվածներ, այդ թվում միջազգային, բորսայական առևտրային համակարգեր:

 

Նոր առևտրային համակարգին անցումն առավել հեշտ ապահովելու համար կայքում մշտապես կթարմացվի AMXTrader-ի համար նախատեսված հաճախ տրվող հարցերի էջը:

 

Անցումը AMXTrader-ին նոր խթան կլինի ոչ միայն ֆինանսական շուկայի ակտիվացման համար, այլ նաև հնարավորություն կընձեռի հայկական ֆինանսական շուկա բերել և ներդնել ոլորտի առաջատար լուծումները։ Հայաստանի ֆոնդային բորսան շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությանը, այն է՝ արդիականացնել արժեթղթերի կարգավորվող շուկան, արտարժույթի բորսայական հարթակները և ֆինանսական շուկայի մասնակիցներին մատուցել նոր ծառայություններ։

 

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։