Չորեքշաբթի, 22 Մարտի 2023 14:38
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են էներգետիկ, ջրային և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են էներգետիկ, ջրային և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տնօրենի տեղակալ Բերանժեր Կալամանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել  է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության դերը և վերջինիս կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։ «Պետք է փաստել, որ մեր նախարարությունը շատ լավ աշխատանք և համագործակցություն ունի Զարգացման ֆրանսիական գործակալության հետ։ Ես ուրախ եմ, որ այդ համագործակցությունը բազմաշերտ է և հեռանկարներ ունի», - ասել է նախարարը։

 

Բերանժեր Կալամանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք համահունչ կլինեն ՀՀ կառավարության առաջնահերթություններին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ԶՖԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, վեր են հանվել առաջնահերթությունները։

 

Քննարկվել են ջրային, էներգետիկ, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

 

Նշենք, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը հիմնադրվել է 1998 թվականին եւ հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության ֆինանսական մեխանիզմի երկկողմ զարգացման օպերատորը: Գտնվելով Ֆրանսիայի արտաքին գործերի, Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, արտասահմանյան տարածքների և ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո՝ գործակալությունը առևտրաարդյունաբերական պետական հաստատություն է, ինչպես զարգացած երկրներում, այնպես էլ Ֆրանսիայի արտասահմանյան տարածքներում պայքարում է աղքատության դեմ և նպաստում տնտեսական աճին:

 

ԶՖԳ հետ Հայաստանի համագործակցությունն սկսվել է դեռևս 2013 թվականից։ Մեր երկրում գործակալության պորտֆելը գերազանցում է 200 մլն եվրոն։