Ուրբաթ, 24 Մարտի 2023 13:25
Ալինա Հովհաննիսյան

Վահան Քերոբյան. ԱԱՊՀ-ն ու մասնակից ընկերություններն իրենց աշխատանքով նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնես մշակույթին

Վահան Քերոբյան. ԱԱՊՀ-ն ու մասնակից ընկերություններն իրենց աշխատանքով նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնես մշակույթին

Արմինֆո. Մարտի 23-ին Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ժողովի ընթացքում ներկայացվել են ԱԱՊՀ նախորդ երկու տարիների գործունեության արդյունքները, առաջնահերթություններն ու ծրագրերը:

 

Վահան Քերոբյանն իր խոսքում ընդգծել է ԱԱՊՀ-ի ու մասնակից ընկերությունների առաքելության կարևորությունը, որոնք իրենց աշխատանքով նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնես մշակույթին։

 

Նախարարը նաև ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին շրջանում գրանցվող տնտեսական բարձր ցուցանիշները և նշել, որ 2022 թ․ տնտեսության բարձր՝ 12,6% աճի ապահովմանը մեծապես նպաստել են Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառումը։

 

Առավել կարևոր նոր նախաձեռնությունների թվում նախարարը մատնանշել է այսօր Կառավարության նիստում հաստատված ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը։

 

Նշենք, որ Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) լիովին անկախ և ինքնաֆինանսավորվող բիզնես ասոցիացիա է, որն ստեղծվել է 2000 թվականին: ԱԱՊՀ-ը երկրի առաջատար բիզնես ասոցիացիան է, որն ունի ավելի քան 140 անդամ բիզնեսի բոլոր հատվածներից: ԱԱՊՀ -ի գործունեությունն ուղղված է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը, իր անդամների շահերի  պաշտպանությանը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականին աճել է 12,6% - ով՝ գերազանցելով ոչ միայն  2021 թվականի 5,7%-ը, այլև նախաքովիդյան 2019 թվականի 7,6% - ը՝ հասնելով 8,497 տրլն դրամի (19,5 մլրդ դոլար)։ Ընդ որում, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է ընդամենը 6,569 դոլար։