
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ԵԱԱԿ) նախագահ Գրիգորի Իվլիևի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են ոլորտի թվայնացման, արտոնագրերի տվյալների շտեմարանների հասանելիության, կոմերցիալիզացիայի ոլորտում տեխնոպարկերի հնարավորությունների զարգացման, ինչպես նաև փորձաքննությունների իրականացման գործում փորձի փոխանակման և այլ հարցեր:
Երկուստեք կարևորվել է նաև տվյալ ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերում երիտասարդ գյուտարարների, կրթության և գիտական կազմակերպությունների ներգրավումը:
Նշենք, որ Եվրասիական արտոնագրային համակարգը ձևավորվել է 1994թ. սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային համապատասխան: Եվրասիական արտոնագրային կոնվենցիան ուժի մեջ է մտել 1995 թվականի օգոստոսի 12-ից: Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո մասնակից պետությունների տարածքում ձևավորվել է միասնական արտոնագրային տարածք, որն ապահովում է Կոնվենցիայի մասնակից բոլոր պետություններում՝ ՌԴ - ում, Հայաստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում գործող պահպանական փաստաթղթի ստացման ընթացակարգի պարզեցումն ու էժանացումը: