Ուրբաթ, 31 Մարտի 2023 14:40
Ալինա Հովհաննիսյան

Հնդկաստանում տեխնոլոգիական համաժողովի շրջանակում քննարկվել են Հայաստանի հետ ճյուղային համագործակցության հեռանկարները

Հնդկաստանում տեխնոլոգիական համաժողովի շրջանակում քննարկվել են Հայաստանի հետ ճյուղային համագործակցության հեռանկարները

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մարտի 29-ին առցանց մասնակցել է «Arrow» հայ-հնդկական համաժողով 2023» -ին (Arrow Indo-Armenian Summit 2023):

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, Համաժողովի նպատակն էր համախմբել հայաստանյան և հնդկական տեխնոլոգիական էկոհամակարգի ձեռներեցներին և առաջնորդներին՝ քննարկելու համագործակցության սերտեցման հնարավորությունները:

Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների և ստարտափների զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը:

Նմանատիպ ծրագրերի իրականացմամբ պետությունը նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում անհատ ձեռնարկատերերի և ՏՏ ոլորտի կազմակերպությունների համար Հայաստան տեղափոխվելու և այստեղ գործունեություն ծավալելու, ինչպես նաև որակյալ աշխատուժ ներգրավվելու համար: Այն ընկերությունները, որոնք 2022թ. մարտի 1-ից սկսած ներգրավել են առնվազն 10 նոր աշխատող՝ տեղացի, օտարերկրացի, պետությունը տրամադրում է աջակցություն նոր ընդունված աշխատողների մասով պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով:

Ինչպես նաև, տեղական ընկերություններում աշխատողները բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում, հնարավորություն ունեն օգտվելու հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարի վերադարձից:

Ողջույնի խոսքով է հանդես եկել նաև «APRI Armenia»-ի նախագահ Լարա Սեդրակյանը: Վերջինս ընգծել է, որ համաժողովը խթան կհանդիսանա ընդլայնելու և զարգացնելու երկու երկրների գործարար կապերը:

«HyeTech» ընկերության համահիմնադիր Ներսես Օհանյանը ևս մասնակցել է համաժողովին: Վերջինս իր խոսքում նշել է, որ համաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռել շփվելու Հնդկաստանի ձեռնարկատերերի հետ, կիսվելու բացառիկ փորձով, ստեղծելու ամուր կապեր հնդկական տեխնոլոգիական էկոհամակարգում:

Համաժողովի ընթացքում քննարկվել են ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ երկկողմ համագործակցության հեռանկարները, կարևորվել է համագործակցության ընդլայնումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բոլոր ուղղություններով՝ սպառողական տեխնիկայից մինչև օդատիեզերական պատկերների մշակումներ։

Անդրադարձ է կատարվել նաև հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Հայդարաբադի «Skyroot Aerospace»-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը, նշվել, որ այն լավ օրինակ կարող է ծառայել այլ ոլորտների ստարտափների միջև համագործակցության ստեղծման համար:

Համաժողովը կազմակերպվել էր հնդկական «T-Hub» առաջատար ինովացիոն կենտրոնի կողմից, որը Հնդկաստանի նորարարության էկոհամակարգի առաջատարներից է։