Արմինֆո.Անտոնելա Բասանին նշանակվել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի (ԵԿԱ) նոր փոխնախագահ: Այդ պաշտոնում նա գլխաավորում է Համաշխարհային բանկի ռազմավարական, ֆինանսական և մտավոր աշխատանքը ԵԿԱ տարածաշրջանում: Այդ մասին նշվում է Համաշխարհային բանկի հաղորդագրությունում։
Անտոնելլա Բասանին Իտալիայի քաղաքացի է։ Նա զբաղեցրել է Համաշխարհային բանկի բյուջեի, արդյունավետության գնահատման և ռազմավարական պլանավորման գծով փոխնախագահի պաշտոնը: Մինչ այդ նա զբաղեցրել է Համաշխարհային բանկի ռազմավարության և գործառնությունների գծով տնօրենի պաշտոնը երկու տարածաշրջաններում (Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, Արևելյան Ասիա և Խաղաղ օվկիանոս), որտեղ ապահովել է ռազմավարական ղեկավարումը և աջակցությունը տարածաշրջանային խմբերին ռազմավարությունների, գործառնությունների, ճկուն և նորարարական ֆինանսավորման և մտավոր ծառայությունների իրականացման գործում: Անտոնելլա Բասանին զբաղեցրել է նաև ռեսուրսների մոբիլիզացման գծով տնօրենի պաշտոնը՝ զարգացման միջազգային ասոցիացիայում կառավարելով բնակչության ամենախոցելի խավերի համար ՀԲ հիմնադրամի համալրումը:
"Կանաչ" տնտեսությանն անցնելուց մինչեւ էներգետիկ ու պարենային անվտանգությունը՝ ես տեղյակ եմ այն մեծ մարտահրավերների մասին, որոնց բախվում են մեր հաճախորդ երկրները, հատկապես, կորոնավիրուսի համավարակից և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո: Այդ խնդիրների լուծման համար ակնկալում եմ սերտ աշխատանք գործընկեր երկրների կառավարությունների, զարգացման գծով գործընկերների և ՀԲ խմբի աշխատակիցների հետ", - ասել է Բասանին։
Անտոնելլա Բասանին այդ պաշտոնը ստանձնել է զարգացման ուղղությամբ 30 տարվա աշխատանքային փորձով: Բացի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տաարածաշրջաններից, նա աշխատել է նաև արևադարձային Աֆրիկայի (Սահարայից դեպի հարավ), Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի շրջաններում ՝ համատեղելով գործնական հմտություններն ու ֆինանսական փորձը: Մինչ բանկ ընդունվելը՝ Անտոնելլա Բասանին աշխատել է Փարիզի տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում: Նա ունի Ջոն Հոփկինսի համալսարանի դոկտորի աստիճան միջազգային տնտեսագիտության բնագավառում։
Նշենք, որ Համաշխարհային բանկն աշխատում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ աղքատության կրճատման եւ մարդկային կապիտալի զարգացման ճանապարհով համընդհանուր բարգավաճման, շուկաների համար հնարավորությունների ստեղծման, կանաչ տնտեսության անցմանը նպաստելու, ինչպես նաև ինստիտուտների ստեղծման և ամրապնդման ուղղությամբ: 2022 ֆինանսական տարում Համաշխարհային բանկը հաստատել է 8.5 մլրդ դոլարի վարկեր տարածաշրջանում 47 գործառնությունների համար, որից 6 մլրդ դոլարն ապահովվում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), եւ 2.5 մլրդ դոլարը՝ Զարգացման միջազգային ասոցիացիայի (ՄՀ) միջոցով։