Արմինֆո. Ապրիլի 5-ին Երևանում տեղի կունենա The Doing Digital Forum (https://doingdigital.am /), որը կմեկտեղի թվային փոխակերպման ոլորտի ավելի քան 20 առաջատար միջազգային և հայաստանյան փորձագետների:
Ֆորումի կազմակերպիչն է SPRING PR-ը, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը: Ֆորումի գլխավոր բանախոսը թվային տրանսֆորմացիայի և ֆինանսական տեխնոլոգիաների միջազգային հայտնի փորձագետ Քրիս Սքիներն է:
Միջոցառումը նպատակ ունի մեկ հարթակում հավաքել ոլորտի առաջատարներին ՝ թվային փոխակերպման վերջին միտումները բացահայտելու և լավագույն փորձը կիսելու համար: DDF-ը ձգտում է դառնալ լավագույն հարթակ նոր գաղափարների և տեխնոլոգիաների բացահայտման, մասնագիտական կապերի ձևավորման համար:
Համաժողովի շրջանակներում ելույթ կունենան և բիզնեսի և թվային տեխնոլոգիաների ոլորտի գիտելիքները, տեսլականը կներկայացնեն նաև Արմեն Հարությունյանը (Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարան), Դևիդ Կինչեմը (McKinsey), Ելենա Թոֆանյուկը (Forbes Russia), Դիլան Կալունը (Visa), Ներսես Երիցյանը ("Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն" հիմնադրամ): DDF ձեւաչափի բանախոսների թվում են նաեւ Ռուբեն Մուրադյանը (Hexens), Վախթանգ Աբրահամյանը (Fastex), Վաչիկ Գեւորգյանը (Apricot Capital), Տիգրան Սիմոնյանը (Revytech), Արարատ Մկրտչյանը (Beta Financial Technologies), Մաքսիմ Միխալեւը (ICDT Global), Սյուզաննա Շամախյանը (FAST), ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ:
Թվային փոխակերպման ոլորտում իրենց փորձը կկիսեն Ամերիաբանկի նորարարության և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը և ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոսյանը:
Ամերիաբանկի տաղանդների կառավարման և ներքին ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը նշել է. "Որպես Հայաստանի ֆինանսական ոլորտում թվային փոխակերպման առաջամարտիկներ՝ մենք նախաձեռնել ենք հետաքրքիր ճամփորդություն՝ նորովի բացահայտելու ինքներս մեզ, ստեղծելու անվտանգ ֆինանսական և տեխնոլոգիական միջավայր ՝ բարելավելով կյանքի որակը": Այն, որ Ամերիաբանկը կանգնած է միջոցառման ակունքներում և SPRING PR-ի հետ միասին Քրիս Սքիներին հրավիրել է Հայաստան, ևս մեկ անգամ վկայում է Հայաստանում մտածողությունը փոխելու և թվային փոխակերպման գործընթացը ընդլայնելու Բանկի հանձնառության մասին: Doing Digital հարթակի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշել է, որ հարթակը ստեղծվել է թվային փոխակերպման ոլորտի միտումների, բիզնես-գործընթացների, հնարավորությունների և մարտահրավերների ակտիվ քննարկմանը նպաստելու նպատակով: