Երեքշաբթի, 4 Ապրիլի 2023 12:58
Ալինա Հովհաննիսյան

Ճանապարհային դեպարտամենտ. Տեղ-Կոռնիձոր ճանապարհը պատրաստ է շահագործման

Ճանապարհային դեպարտամենտ. Տեղ-Կոռնիձոր ճանապարհը պատրաստ է շահագործման

Արմինֆո.Հայաստանը Արցախին կապող շուրջ 11 կմ երկարությամբ Տեղ-Կոռնիձոր ճանապարհը պատրաստ է շահագործման։ Այդ ասվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

 

Աղբյուրի համաձայն, աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա ամռանը՝ պայմանով, որ ապրիլին ճանապարհը շահագործման կհանձնվի։ "Ճանապարհային դեպարտամենտ" հիմնադրամի պատասխանատուների ասելով, այդ ճանապարհը միանում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհին, որը կառուցել է Բաքուն, և հասնում է Շուշիի մատույցներին, որը դեկտեմբերի 12-ից փակ է ադրբեջանցի, այսպես կոչված, "էկո - ակտիվիստների" պատճառով: Հայաստանի և Ադրբեջանի նախնական պայմանավորվածության համաձայն, ճանապարհը պետք է գործեր ապրիլի 1-ից, սակայն Բաքուն հերթական անգամ խախտել է պարտավորությունները։

 

"Ճանապարհային դեպարտամենտ" հիմնադրամի ներկայացուցիչների ասելով՝ այդ հատվածում աշխատանքները դեռ շարունակվելու են, այդ թվում՝ կահավորման ուղղությամբ, սակայն, դրանք կարող են իրականացվել երթևեկությանը զուգահեռ:

 

Նշվել է, որ Կոռնիձորի կամրջից մինչև Տեղ գյուղ տանող ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատված է, որից 90% ունի երկշերտ, 10%-ը՝ միաշերտ ծածկույթ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշել է, որ տեխնիկական պարամետրերով սա 3-րդ կարգի ճանապարհ է: Միաժամանակ, նա վստահեցրել է, որ բոլոր լաբորատոր հետազոտությունների համաձայն որակի համատեքստում նորմայից որևէ շեղում չկա։

 

Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 9.030 մլրդ դրամ, այն իրականացնում են 3 շինարարական ընկերություններ: Հիշեցնենք, որ մարտի լույս 30-ի գիշերն Ադրբեջանը մի քանի զինվորական «ուրալներով» փակել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը՝ Հայաստանի հետ սահմանի մոտ, Տեղ գյուղի մոտակայքում։

 

Ինչպես հաղորդել են մի շարք թելեգրամյան ալիքներ, Ադրբեջանի ԶՈՒ «ուրալների» թիվը 10-ից ավելի է, և Ադրբեջանի ԶՈՒ սկսել են խրամատներ ու պատնեշներ պատրաստել Հայաստանն ու Արցախը կապող ճանապարհին: Առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել էր այդ տեղեկությունը, նշելով, որ Բերձորի միջանցքին այլընտրանքային նոր ճանապարհի շահագործման հետ կապված, վերահսկողության տակ են վերցվել մի քանի ռազմավարական բարձունքներ, հիմնական և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև Աղավնո և Տեղ գյուղերի միջև սահմանային ընդարձակ տարածք։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից այդ հարցի վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվել։