Արմինֆո. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ:
Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:
Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործընթացները. կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում; հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում; հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում։
Հիշեցնենք, որ վարկային համաձայնագրի կնքման առաջարկը հավանության էր արժանացել ՀՀ կառավարության մարտի 23-ի նիստում: Վարկը տրամադրվում է 19 տարի ժամկետով, հնգամյա արտոնյալ ժամանակահատվածով, ֆիքսված տոկոսադրույքով (6-ամսյա EURIBOR) գումարած լողացող սպրեդ (բանկի կողմից թարմացվում է եռամսյակային կտրվածքով):
Բանակցություններից առաջ ձևավորված ինդիկատիվ տոկոսադրույքը կազմել է 3,492% (2,822%+0,67%): Վարկի սպասարկման վճարները պետք է կատարվեն վեց ամիսը մեկ՝ հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին: Մայր գումարի մարումն իրականացվելու է 2028թ. հունիսի 15-ից մինչև 2041թ. հունիսի 15-ը ՝ հավասար մասնաբաժիններով (վարկի գումարի 3.57%), իսկ վերջին մարումը՝ 2041թ. դեկտեմբերի 15-ին ՝ վարկի գումարի 3.61% - ի չափով: Պարտավորության միջնորդավճար. վարկի չբաշխված գումարի համար հաշվարկված տարեկան 0.25% տոկոսադրույք, որը հաշվարկվում է պայմանագրի կնքումից 60 օր հետո, վճարվում է տոկոսագումարների վճարման հետ միաժամանակ, միանվագ միջնորդավճարը' վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի վարկառուի սեփական միջոցներից՝ պայմանագրի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օր հետո և կազմում է 230 750 եվրո:
1992 թվականին Համաշխարհային բանկին Հայաստանի անդամակցությունից ի վեր հանրապետությանը տրամադրված վարկերի և դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2,53 մլրդ դոլար: