Չորեքշաբթի, 5 Ապրիլի 2023 13:20
Նաիրա Բադալյան

Վահան Քերոբյանը հայ-իտալական հնարավոր համագործակցությունն արդյունավետ է համարում "Գագարին" նախագծի շրջանակում

Վահան Քերոբյանը հայ-իտալական հնարավոր համագործակցությունն արդյունավետ է համարում "Գագարին" նախագծի շրջանակում

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախօրեին ընդունել է Իտալիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին  նախարարը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:

 

«Բարձր եմ գնահատել հայ և իտալացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, ընդհանուր հետաքրքրությունները, ինչպես նաև երկու երկրների տնտեսական համագործակցության մեծ ներուժի առկայությունը։

 

Հյուրերին ներկայացրել եմ Տնտեսության արդիականացման միջոցառումը և Գագարին ներդրումային նախագիծը, որոնց շրջանակներում ևս կարող ենք ծավալել արդյունավետ համագործակցություն», - գրել է Քերոբյանը։

 

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլին ՀՀ կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է "Գագարին" ներդրումային նախագծով։ Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Վահան Քերոբյանը Գեղարքունիքի մարզում իրականացվում է նմանը չունեցող "Գագարին" նախագիծը, որը ստեղծում է գյուղական բնակավայրերի տնտեսական և սոցիալական բարեկարգման սկզբունքորեն նոր մակարդակ: Նախագիծն իրականացնում է <Դար> տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը՝ նիդերլանդական MVRDV ճարտարապետական ընկերության հետ համատեղ: "Գագարին" նախագծի շրջանակներում տարեց մարդկանց համար գյուղի կառուցման համար անհրաժեշտ խորհրդատվական ծառայություններ կմատուցի գերմանական Waldheim International Gmbh ընկերությունը:

 

Նիդերլանդական MVRDV ճարտարապետական բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, "Գագարին" նախագիծը կընդգրկի 18 հազար հա տարածք: Նախագծի շրջանակում համայնքի տարածքում նախատեսվում է 10 հազար տեսակի մշակաբույսերի տնկում նույն քանակի հողամասերում, 12 հազար միավոր բնակարանների կառուցում, ագրո-քոլեջի և նորարարական կենտրոնի, արվեստի կենտրոնի, բարձրորակ արտադրանքի իրացման շուկայական համալիրի, 4500 տեղանոց մարզադաշտի ստեղծում: