
Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործարար համայնքին կոչ է արել չվախենալ ռիսկի դիմելուց եւ ամբողջությամբ օգտագործել կառավարական արտոնությունները: Այսօր ելույթ ունենալով ՍԴԵԿ ընկերությունների կազմակերպված լոգիստիկ համաժողովին՝ նա նշել է, որ երկիրը շարունակում է պատկառելի տնտեսական աճ ցույց տալ (ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին՝ 10.9 տոկոս), եւ դրա հետ մեկտեղ տեղի է ունենում գնաճի զգալի նվազում:
Նշելով, որ գնաճի պարույրի ներկայիս կայունացումը 5.4% մակարդակում՝ թույլ է տալիս ակնկալել դրամավարկային քաղաքականության մեղմացում, ինչը պետք է հանգեցնի տոկոսադրույքների նվազման և, որպես արդյունք, բիզնեսի համար մատչելի ֆինանսական ռեսուրսների հասանելիության հեշտացման: Միաժամանակ, Քերոբյանը համաժողովի մասնակիցներին տեղեկացրել է ձեռնարկատիրության համար նշանակալի կառավարական որոշումների մասին, որոնք նպատակաուղղված են գործարար միջավայրի բարելավմանն ու արտահանմանն աջակցությանը: Այս առումով կարևորագույն ծրագրերից մեկը նախարարը համարել է կառավարության հաշվին սուբսիդավորվող լիզինգի հիման վրա ընկերությունների կողմից ժամանակակից սարքավորումների և հոսքագծերի ձեռքբերման համար բացված հնարավորությունների միջոցով տնտեսության արդիականացմանն ուղղված քայլերը: Քերոբյանի խոսքով ՝ կառավարությունն արդեն սուբսիդավորում է լիզինգային վճարների էական մասը, ինչը հնարավորություն է ընձեռում ձեռնարկատերերին արդիականացնել հիմնական միջոցները տարեկան 3-4 տոկոս արդյունավետ տոկոսադրույքով՝ դրամով: Նա նշել է, որ վերջին 7 ամիսներին կառավարությունը բյուջեից շուրջ 74 մլրդ դրամ է հատկացրել այդ նպատակով։
Քերոբյանը նաև հիշեցրել է, որ ինքն անձամբ նախաձեռնել է ապրանքների մանր արտահանողների խնդիրներին առնչվող հարցը, որ նրանք ունեցել են չարդարացված բարձր մաքսատուրքերի և ապաշնորհ մաքսային վարչարարության պատճառով: Խոսքը մինչև 1 մլն դրամի ապրանքների փոքր խմբաքանակների արտահանման մասին է։ Էկոնոմիկայի նախարարությունը հասել է մաքսային ընթացակարգերում փոփոխություններ կատարելուն և ուղղումներ է է մտցրել մաքսային սակագների օրենքում: Այժմ կառավարությունը զրոյացրել է արտահանվող ապրանքի փոքր խմբաքանակներից մաքսային վճարումները, սակայն տեխնիկական պատճառներով նոր կարգավորումները չեն կարողացել ժամանակին ուժի մեջ մտնել, եւ դա տեղի է ունեցել միայն ընթացիկ տարվա մարտից: Նախարարը բիզնեսին տեղեկացրել է, որ պետությունն ընդունում է իր մեղքն ուշացման համար և պատրաստ է հայտատուների մոտ փաստաթղթերի առկայության դեպքում փոխհատուցել նրանց մաքսային ծախսերը՝ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից: