Ուրբաթ, 7 Ապրիլի 2023 13:50
Նաիրա Բադալյան

Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման արգելքը «դեմո պատժամիջոց» է՝  մեր տնտեսության վրա ՌԴ ազդեցությունը ցույց տալու համար. Տնտեսագետ

Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման արգելքը «դեմո պատժամիջոց» է՝  մեր տնտեսության վրա ՌԴ ազդեցությունը ցույց տալու համար. Տնտեսագետ

Արմինֆո.Ռուսաստանը, արգելելով կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից, փորձում է «դեմո պատժամիջոցների» տեսքով պատկերավոր կերպով ցույց տալ, թե ինչ կարող է լինել մեր տնտեսության հետ։ Այդպիսի կարծիք է հայտնել Modex խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը:

 

Մարտի 31-ին հաղորդվել էր, որ "Ռոսսելխոզնադզորը" Հայաստանին խնդրում է 2023 թվականի ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան։ Նշվել է, որ Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, որոնց նկատմամբ "Ռոսսելխոզնադզորը" սահմանափակող միջոցներ է կիրառել: Հայտնաբերված խախտումների բնույթը վկայում է նաև պետական անասնաբուժական ծառայության կողմից կաթի վերամշակման ձեռնարկությունների գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչի առնչությամբ ծագում են անորակ և անապահով ապրանքների Ռուսաստան ներմուծման ռիսկեր: "Ռոսսելխոզնադզորի հատուկ մտահոգությունն են առաջացնում երրորդ երկրների ձեռնարկությունները Մաքսային միության գրանցամատյաններում ներառելու դեպքերը ՝ առանց ռուսական կողմի հետ համաձայնեցման կամ ի հեճուկս պաշտոնական մերժման, որն ուղղված է ԵԱՏՄ անդամ երկրների իրավասու ծառայությունների հասցեին",-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

 

Ինչպես նշվում է Modex-ի ֆեյսբուքյան էջում, 2021-2022 թթ. Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 15.3 մլն-ի և 30.1 մլն-ի կաթնամթերք, որը կազմում է Հայաստանից Ռուսաստան արտահանման, համապատասխանաբար, 1.9%-ը և 1.3%-ը։

 

Այս ապրանքային խմբում Հայաստանից Ռուսաստան, հիմնականում, արտահանվում է պանիր (89.8%, 2021թ.), իսկ 2022 թվին կարագի և կաթնային յուղերի կտրուկ աճը, թերևս, վերաարտահանման արդյունք է (առավելապես Իրանից)։

 

«Մեր «ինքնիշխանության» կամ մեր շահերի պաշտպանության (ՄՔԴ-ին միանալու) գինը այն վնասներն են, որ կկրի մեր տնտեսությունը այս և նմանատիպ այլ որոշումներից։ Հայաստանի կառավարությունը և մասնավոր ընկերությունները օր առաջ պետք է քայլեր ձեռնարկեն արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ, այդ թվում՝ (1) ձևավորեն արտահանման խթանման կարողություններ Enterprise Armenia-ի անձրևանոցի տակ կամ առանձին գործակալության տեսքով, (2) կտրուկ ավելացնեն արտահանման դիվերսիֆիկացման խթանման ծախսերը (փող կա)... Պի՛նդ լինենք!!!», - «Ֆեյսբուքի» իր   էջում  գրել է Ֆանյանը: