
Արմինֆո. Հայաստանի կառավարության՝ ի դեմս Պետեկամուտների կոմիտեի, նոր օրենսդրական նախաձեռնությունը լրջորեն նսեմացնում է բանկային գաղտնիքի ինստիտուտի նշանակությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է "Հարկ վճարողների պաշտպանություն" ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը ՝ անդրադառնալով ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՊԵԿ-ի առաջարկած օրինագծին, որը զետեղված է իրավական ակտերի edraft.am միասնական պորտալում:
Ինչպես ասվում է փաստաթղթի պարզաբանման մեջ, օրինագծի ընդունումը պայմանավորված է անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ ՀՀ Հարկային օրենսգրքի հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ: Իրականում, ինչպես նշում է Թադևոսյանը, ՊԵԿ-ի նախաձեռնությունը հարկային մարմնին թույլ կտա համալիր հարկային ստուգում անցկացնել նոտար չհանդիսացող ԱՁ-ների կամ ֆիզիկական անձանց մոտ:
Ինչպես կարծում է "Հարկ վճարողների պաշտպանություն" ՀԿ-ի ղեկավարը, նախաձեռնությունը կհանգեցնի բանկային գաղտնիքի ինստիտուտի փլուզման: Նրա խոսքով՝ բանկային գաղտնիքի հասանելիության հասնելու իշխանությունների մտադրությունն ակնհայտ էր դեռ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակ։
«Քայլերի հաջորդականություն, որի մասին չէր ասվում, բայց ենթադրվում էր.
1. 2022 թվականի դեկտեմբերի 22-ին ԱԺ-ի կողմից ընդունված՝ հարկային օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրենքով սահմանվեց, որ հարկային հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողից (բացառությամբ ֆիզիկական անձի) գրավոր պահանջում են էլեկտրոնային կամ թղթային եղանակով տրամադրել հարկային հսկողության ժամանակահատվածին վերաբերող յուրաքանչյուր հաշվի վերաբերյալ էլեկտրոնային կամ թղթային բանկային հաշվի քաղվածքը:
2. 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ-ի կողմից ընդունված՝ հարկային օրենսգրքում փոփոխություն նախատեսող մեկ այլ օրենքով ներդրվեց ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ սահմանվեց:
3. Կից կերկայացված նախագծով նախատեսվում է ֆիզիկական անձանց մոտ իրականացնելու համալիր հարկային ստուգում:
Հիմնավորումներում ասվում է, որ ներդրվել է հայտարարագրման համակարգ, սակայն հարկային մարմինը ներկայումս գործող օրենսդրական կանոնակարգումների համաձայն չունի հսկողական գործիքակազմ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ, նախագծով սահմանվել է, որ համալիր հարկային ստուգում կարող է իրականացնել նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մոտ։
Հետևաբար, նախագծի ընդունման դեպքում, ստացվում է, որ հայտարարագիր ներկայացրած ցանկացած անձի մասով ՊԵԿ-ը կարող իրականացնել համալիր հարկային ստուգում և այդ ստուգման շրջանակներում պահանջել ֆիզիկական անձից ներկայացնել յուրաքանչյուր հաշվի վերաբերյալ էլեկտրոնային կամ թղթային բանկային հաշվի քաղվածքը», - նշել է փորձագետը:
ՀԿ ղեկավարի կարծիքով, այս ամենից պարզ է դառնում ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման ներդրման նպատակը. հասանելիություն ստանալ բոլոր ֆիզիկական անձանց բանկային տվյալներին:
«Հ.Գ. Այս նախագծի ընդունման դեպքում արդեն կարող են բանկային գաղտնիքի մասին օրենքն ուժը կորցրած ճանաչել, իսկ հիմնավորումներում էլ կարող են գրել, որ ՀՀ ՊԵԿ և IMF /Արժույթի միջազգային հիմնադրամ/ հետ կայացված հանդիպման արդյունքներով որոշվել է ուժը կորցրած ճանաչել բանկային գաղտնիքի մասին օրենքը», - ամփոփել է Փայլակ Թադեւոսյանը:
Հիշեցնենք, որ 2023 թվականից Հայաստանում գործարկվել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Նախաձեռնությունն իրականացվելու է երեք փուլով և արդեն 2025 թվին այն պարտադիր է դառնալու Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող բոլոր չափահաս քաղաքացիների համար: Հայտարարագիրը ներկայացնելուց հրաժարվելու, ինչպես նաև ժամանակին չհանձնելու համար նախատեսվում է տուգանք. գործարարի համար՝ 50 հազար դրամի, մնացած քաղաքացիների համար՝ 5 հազար դրամի չափ: Տուգանքները կրկնապատկվում են, եթե 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացվի: Նշվել է, որ նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է մոտիվացիոն բաղադրիչ՝ համաշխարհային պրակտիկայում լայնորեն կիրառվող սոցիալական ծախսերի համակարգի ներդրման տեսքով: Մասնավորապես, հայտարարագրեր ներկայացնողները հնարավորություն կունենան հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների կատարած առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության ծախսերի չափով նվազեցնել հարկային պարտավորությունները ՝ դրանք հաստատելով հաշվարկային փաստաթղթերով:
Մինչդեռ, դեռևս 2022 թվականի հուլիսին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն փոփոխություններ և լրացումներ էր նախաձեռնել Հարկային օրենսգրքերում, "Բանկային գաղտնիքի մասին", "Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին" ՀՀ օրենքներում, որի շրջանակներում ակնկալում էր բանկային և ապահովագրական գաղտնիքներին հասանելիություն ստանալ առանց դատարանի որոշման և հարկային մարմնի հարցման հիման վրա։ Սա, նախաձեռնության հեղինակի կարծիքով, թույլ կտա իրականացնել ավելի ճիշտ, ամբողջական և համակողմանի հարկային հսկողություն և բացահայտել տնտեսական հանցագործությունները, հատկապես, ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև գործարքների արդյունքում հարկային պարտավորությունները պակաս ցույց տալու հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու մասով: Նախագիծը պետք է հանրության դատին ներկայացվեր իրավական ակտերի e-draft.am միասնական պորտալում՝ հուլիսի 6-ից 21-ը, սակայն, մինչ փաստաթուղթը edraft.am կայքից հանելը, հուլիսի 14-ին, 133 քվեարկողներից 123-ը դեմ էին արտահայտվել։ Ինչպես հետո պարզաբանեցին ՊԵԿ-ում, գերատեսչությունը չի հրաժարվում բանկային գաղտնիքի նկատմամբ պահանջներից, բայց խոստանում է հաշվի առնել բոլոր կողմ և դեմ կարծիքները և դրանից հետո միայն նորից դնել հանրային քննարկման: Այս նյութի հրապարակման պահին (նոր նախաձեռնությունը հանրության դատին է ներկայացվել ապրիլի 4-19-ը) 90 տոկոսը դեմ է արտահայտվել։