14:40
 Երեքշաբթի, 11 Ապրիլի 2023 14:40
Ալինա Հովհաննիսյան

Շահառուից մինչև դոնոր. Հայաստանը փոխել է կարգավիճակը ՀԲ Միջազգային զարգացման ընկերակցությունում

Շահառուից մինչև դոնոր. Հայաստանը փոխել է կարգավիճակը ՀԲ Միջազգային զարգացման ընկերակցությունում

Արմինֆո. Հայաստանը պաշտոնապես դարձել է Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) դոնոր՝ 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ։

 

1960 թվականին ստեղծված Միջազգային զարգացման ընկերակցությունը Համաշխարհային բանկի՝ աշխարհի ամենաաղքատ երկրներին աջակցելու հիմնական գործիքն է՝ դրամաշնորհների և զրոյականից մինչև ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրման միջոցով, որոնք ուղղված են տնտեսական զարգացման խթանմանը, արտադրողականության բարձրացմանը և այդպիսով՝ ողջ մոլորակում կենսամակարդակի բարձրացմանը։ Հայաստանը ՄԶԸ-ին անդամակցել է 1993 թվականին և այդ ժամանակից ի վեր որպես շահառու 1.4 միլիարդ դոլարի ֆինանսական օժանդակություն է ստացել։

 

Համաշխարհային բանկի զարգացման ֆինանսավորման հարցերով փոխնախագահ Ակիհիկո Նիշիոն նշել է, որ Հայաստանը միանում է դոնորների համաշխարհային համայնքին, որը ՄԶԸ-ին հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով ֆինանսավորում տրամադրելու աշխարհի 75 ամենաաղքատ և ամենախոցելի երկրներին` իրենց զարգացման կարիքները հոգալու համար:

 

"Համաշխարհային բանկի հետ համագործակցության պահից ի վեր Հայաստանն անցել է խորը տնտեսական տրանսֆորմացիա՝ հնարավորություն ստանալով ՄԶԸ աջակցություն ստացող երկրից դառնալ ՄԶԸ դոնոր երկիր", - ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Անտոնելլա Բասանին:

 

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, իր հերթին, ընդգծել է. «Կարծում ենք՝ եկել է ժամանակը, որ Հայաստանը սկսի աջակցել օժանդակության կարիք ունեցող երկրներին։ Սա հրաշալի հնարավորություն է Հայաստանի համար՝ մի կողմից օգնելու ցածր եկամուտ ունեցող երկրներին, մյուս կողմից՝ իր երախտագիտությունը հայտնելու ժամանակին ստացված համանման աջակցության համար»:

 

Հայաստանի և Համաշխարհային բանկի համագործակցությունը մեկնարկել է անկախության հռչակումից հետո հաջորդ տարի՝ շուկայական տնտեսության անցմանն աջակցելու նպատակով: Ի սկզբանե՝ աջակցությունը Հայաստանի անցումային բարեփոխումների իրագործմանն իրականացվել է Միջազգային զարգացման ընկերակցության վարկերի և կայունության ծրագրերի միջոցով:

 

Այդ ժամանակից ի վեր Համաշխարհային բանկն աջակցել է ինստիտուցիոնալ բարեփոխումների և ներդրումների լայն շրջանակին Հայաստանի ենթակառուցվածքներում՝ էներգետիկայի, ջրային, շինարարության, կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում:

 

1992թ. Համաշխարհային բանկին և 1993թ. Միջազգային զարգացման ընկերակցությանն անդամակցելուց ի վեր ՀԲ-ի ընդհանուր պարտավորությունները Հայաստանի հանդեպ կազմել են մոտ 2,6 մլրդ դոլար' աջակցելու ՓՄՁ մրցունակության բարձրացմանը, մարդկային կապիտալի և արդարության բարելավմանը, բնական ռեսուրսների կայուն կառավարմանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված 78 նախագծերի իրականացմանը:

 

"Համաշխարհային բանկը շարունակում է Հայաստանի համար հուսալի գործընկեր լինելու հանձնառությունը եւ կշարունակի աջակցել երկրին ավելի մրցունակ, կանաչ եւ թվային տնտեսության վերափոխման ճանապարհին, որն ապահովում է աշխատատեղեր եւ ավելի լավ հնարավորություններ իր ողջ ժողովրդի համար", - ասված է ՀԲ հաղորդագրության մեջ:

 

Ըստ աղբյուրի՝ Հայաստանը ՄԶԸ դոնոր դարձնելու կառավարության որոշումը վավերացվել է 2023 թվականի մարտի 10-ին՝ ընկերակցությունից օգնության ստացումը դադարեցնելուց և միջինից բարձր եկամուտ ունեցող երկրի կարգավիճակ ստանալուց հետո: Բուն որոշումն ընդունվել է 2022 թվականի աշնանը, երբ Հայաստանն ու Համաշխարհային բանկը նշում էին համագործակցության 30-ամյակը։