
Արմինֆո. Կառավարության ապրիլի 13-ի նիստում հավանության է արժանացել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի` Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությունը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությւոնը, փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի տնտեսական զարգացման ու անվտանգության ապահովման համար ՀՀ-ում իրականացվում են լայնածավալ ճանապարհաշինարարական ծրագրեր՝ միտված ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ճանապարհաշինարարության ոլորտում էականորեն աճել է բիտումի սպառման պահանջարկը, որից ելնելով էլ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել նավթային բիտումի ներկրման ծավալները ՀՀ՝ առանց մաքսատուրքի գանձման ռեժիմի։ Արձանագրության ստորագրումը հնարավորություն կընձեռի իրավահավասարության փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև շարունակել զարգացնել տնտեսական հարաբերություններ: