
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի, KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի, Ջրային կոմիտեի ներկայացուցիչները։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդպման ժամանակ խոսվել է Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկի, կապալառուի հետ պայմանագրի ստորագրման և, դրանով պայմանավորված, մայիսի 17-ին հիմնարկեքի արարողութուն պլանավորելու հնարավորության հարցը։
Հեռավար հանդիպման ժամանակ քննարկվել են նաև KFW -ի հետ իրականացվող մյուս ծրագրերի ընթացքի վերաբերյալ հարցեր, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Հիշեցնենք, որ 1988թ. երկրաշարժի հետևանքով կիսակառույց 110 մլն խմ նախագծային «հզորությամբ» Կապսի ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում, Գյումրի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի հովտում: Ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 70 մլն եվրո, ֆինանսավորվում է գերմանական KfW զարգացման բանկի կողմից: Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի հունիսի 29-ին, միջոցների օգտագործման վերջնաժամկետ էր սահմանվել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ը, սակայն այնուհետև երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
"Ջրային ռեսուրսների համակցված կառավարում/Ախուրյան գետ" ծրագրի առաջին փուլում նախատեսվում է ավարտին հասցնել 25 մլն խմ տարողությամբ ջրամբարը: Երկրորդ փուլում նախատեսվում է ենթակառուցվածքը հասցնել 60 մլն խմ-ի ։ Սակայն լրացման այդ մասը ՝ դրանից բխող բոլոր աշխատանքներով հանդերձ, պետք է իր վրա վերցնի կառավարությունը։ Բանկի նախագծով նախատեսվում է Կապսի ջրամբարի պատվարի օժանդակ կառույցների կառուցում, Ախուրյան գետի ջրաբանական դիտարկումների կետերի կահավորում (Արփի լճից մինչև Ախուրյանի ջրամբար), լրացուցիչ կայանների կառուցում, տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ):