Արմինֆո. Հայկական օդատիեզերական գործակալությունը և Ավստրիական տիեզերական ֆորումը հուշագիր են ստորագրել AMADEE-2024 Մարսի անալոգային հետազոտություններ անցկացնելու մասին: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել INNO Armenia 2023 նորարարության և ձեռներեցության ազգային շաբաթվա շրջանակներում։ Նախագիծը Հայաստանում համակարգելու է նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ 2024 թվականի մարտին Հայաստանում Մարսի հետազոտությունների սիմուլյացիա կանցկացվի։ Ապագայում Մարսի վրա առաջին մարդկանց վայրէջքից առաջ սարքավորումներն ու տեխնիկական համակարգերը համապարփակ փորձարկումներ կանցնեն Երկրի վրա: Առաքելությունների ընթացքում նյութերը փորձարկվում են, կատարվում են վերլուծություններ և համակարգերի թերությունների որոնում: Հայաստանում մարզումները կանցկացվեն բարձր ժայռոտ սարահարթում, որը իրենից ներկայացնում է Կարմիր մոլորակի յուրատեսակ երկրաբանական նմանակը: Առաքելության անձնակազմը բաղկացած կլինի 6 հոգուց (4 տղամարդ և 2 կին) ։ Առաքելությունը կտևի մոտ մեկ ամիս։
Ընդհանուր առմամբ, Մարսյան առաքելությանը կմասնակցեն շուրջ 250 գիտնականներ՝ ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի: Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնից հաղորդել են, որ Հայաստանը թվով 14-րդ երկիրն է, որտեղ սիմուլյացիա է անցկացվում։ Ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա՝ այն պատճառով, որ երկիրը Մարսի "երկրաբանական նմանակն" է, իսկ նրա գտնվելու վայրը շատ հարմար է փորձերի համար։
Ինչպես նշել է ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն Գերնոտ Գրեմերը, մեկ տարի անց Հայաստանը կհայտնվի Մարսի ուսումնասիրության էպիկենտրոնում. երկրում կիրականացվի Կարմիր մոլորակի վրա կյանքի ամենաժամանակակից, բարդ, միջազգային սիմուլյացիան:
Նշենք, որ INNO Armenia 2023-ի շրջանակներում տեղի է ունեցել երկու պանելային քննարկում. Մեկը՝ նվիրված տիեզերքին, մյուսը՝ Հայաստանում գիտական գյուտերի առևտրայնացմանը։