Երեքշաբթի, 18 Ապրիլի 2023 16:56
Ալինա Հովհաննիսյան

Քաղաքապետարանում ներկայացվել է Երևանի 2023թ. կապիտալ ծախսերի ծրագիրը

Քաղաքապետարանում ներկայացվել է Երևանի 2023թ. կապիտալ ծախսերի ծրագիրը

Արմինֆո.Երևանի 2023թ. կապիտալ ծախսերը կհասնեն մոտ 10 մլրդ դրամի։ Այդ մասին ապրիլի 18-ին ավագանու նիստի ժամանակ հաղորդել է Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը։

 

Այդ միջոցների առյուծի բաժինը (4.7 մլրդ դրամ) ուղղվելու է բազմաբնակարան շենքերում 25 տարի շահագործման ժամկետով վերելակների փոփոխությանը։ Հովհաննիսյանն այդ առնչությամբ հաղորդել է, որ 2023 թվականին նախատեսվում է փոխարինել 1 614 վերելակ։

 

Քաղաքապետի պաշտոնակատարի ասելով, ավելի քան կես միլիարդ քաղաքապետարանը կծախսի Նոր Խարբերդ թաղամասում գազամատակարարման ապահովման համար: Մասնավորապես, կկառուցվի 10.6 կմ երկարությամբ գազատար: Բաշխիչ ցանցը կկառուցվի Մասիս խոշորացված համայնքում: Արդյունքում՝ Նոր Խարբերդի 250 տներ կապահովվեն գազով, ինչն ընդգրկում է Երևանի տնային տնտեսությունների շուրջ 10% - ը:

 

Մեծ աշխատանք է կատարվելու նաև Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես  ներկայացրել է Հովհաննիսյանը, քաղաքապետարանը 632 մլն դրամ կուղղորդի 17 հազար քմ ընդհանուր մակերեսով այգու վերակառուցմանը, որի տարածքում կտեղադրվեն շատրվաններ, կկառուցվեն խաղադաշտեր եւ մարզահրապարակներ, կավելացվեն կանաչ գոտիները, կներդրվեն ոռոգման եւ լուսավորության համակարգեր:

 

Այգու վերակառուցման աշխատանքներ կիրականացվեն նաև Նոր Նորքում։ Այգու 13.8 քմ տարածքում նախատեսվում է կառուցել կասկադանման շատրվան, ոռոգման նոր համակարգ, պոմպակայան, ապահովել լուսավորություն, կանաչ գոտիներ: Այդ բոլոր աշխատանքներին կուղղվի 578 մլն դրամ։

 

Քաղաքապետարանը նախատեսում է զբաղվել նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող 3.2 հազար քմ տարածքի բարեկարգմամբ: Մասնավորապես, այս հատվածում քաղաքապետարանը նախագծում է շատրվանների կառուցում։ Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի 352 մլն դրամ:

 

Մնացած միջոցներն ուղղվելու են Երևանի մի շարք վարչական շրջանների մանկապարտեզների վերանորոգմանը, էներգաարդյունավետության բարձրացմանը և խաղահրապարակների բարեկարգմանը, ինչպես նաև ճանապարհների և պոլիկլինիկաների վերանորոգմանը:

 

Բացի այդ, պետբյուջեից 480 մլն դրամ, ըստ քաղաքապետի պաշտոնակատարի, կուղղվի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացմանը։