Արմինֆո.Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) արգելել է "Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ" ընկերության կողմից "ՄՏՍ Հայաստան" -ի 100% բաժնեմասի ձեռք բերման գործարքը:
Ինչպես հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը, «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը և Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը 2023 թվականի հունվարի 26-ին դիմումներ են ներկայացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, հայտնելով, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը նախատեսում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժինը:
«Դիմումների հիման վրա հարուցված համակենտրոնացման գնահատման վարույթի շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ՄՊՀ 2023 թվականի ապրիլի 18-ի թիվ 173-Ա որոշմամբ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության և «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության համակենտրոնացումն արգելվել է», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, հղում անելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ), հաղորդել էր, որ 2023 թվականի հունվարի 26-ին "ՄՏՍ Հայաստան" ՓԲԸ-ն հայտ է ներկայացրել ՀԾԿՀ, ըստ որի "Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ" - ը (գրանցված է Կիպրոսում) ցանկանում է "Ալեգրետտո Հոլդինգ" ՍՊԸ-ից (գրանցված Է Լյուքսեմբուրգում) ձեռք բերել նրան պատկանող "Արամայո Ինվեսթմենթ Լիմիթիդ"-ի 100% բաժնետոմսերը: Նշվել է նաև, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ "Ալեգրետտո Հոլդինգ" ՍՊԸ-ն պատկանում է ռուսաստանյան հեռահաղորդակցության օպերատոր "Մոբիլնիե տելեսիստեմի" ՀԲԸ-ին (գրանցված Է ՌԴ-ում), ապա տվյալ գործարքի արդյունքում ընկերությունը կդադարի լինել ՄՏՍ խմբի անդամ:
Սակայն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ի պատասխան ՀԾԿՀ-ի ս.թ. փետրվարի 2-ի հարցմանը, մարտի 30-ին հայտարարել է, որ հարցը քննարկվել է ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում նախարարությունը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, առարկում է գործարքի իրականացմանը, քանի որ այն սպառնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ պետական շահերին:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, առևտրային գաղտնիքի պատճառով հրաժարվելով նշել գնորդին, հավելել էր, որ գործարքը կարող է ամբողջությամբ ավարտվել մինչև ապրիլի 10-ը: Ընդ որում, նրա խոսքով, երկրում գործող օպերատորներից որեւէ մեկի կողմից "ՄՏՍ Հայաստան" - ի ձեռք բերման մասին խոսք չի գնում, քանի որ այդ դեպքում կարող է տեղի ունենալ շուկայի կենտրոնացում:
Նշենք, որ "ՄՏՍ Հայաստան" հեռահաղորդակցային ընկերությունը (VivaCell - MTS ապրանքանիշ) Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորների շրջանում առաջատար է խոշորագույն հարկատուների ցանկում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականին "ՄՏՍ Հայաստան" -ը պետական գանձարան է վճարել 15.9 մլրդ դրամ (10-րդ տեղը ՝ նախորդ տարվա 8-րդի դիմաց), որից 13.7 մլն դրամը՝ մաքսատուրքերի, 5.6 մլրդ դրամը՝ ուղղակի հարկերի (այդ թվում՝ շահութահարկ, եկամտահարկ), ավելի քան 6.9 մլրդ դրամը՝ ԱԱՀ-ի գծով։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի հեռահաղորդակցության շուկա է մտել 2005թ.: Այդ պահից ի վեր ընկերությունը Հայաստանի պետական բյուջե է վճարել 258 մլրդ դրամի հարկ: Աշխատակիցների թիվը կազմում է ավելի քան 1200 մարդ: ՎիվաՍել - ՄՏՍ-ի բաժանորդների թիվը, ըստ ընկերության տվյալների, գերազանցում է 2 միլիոնը: Ընկերությունն առաջին տեղն է զբաղեցնում բջջային կապի շուկայում։ Այժմ ընկերության հիմնական բաժնետերը ռուսական ՄՏՍ-ն է, որը պատկանում է Վլադիմիր Եվտուշենկովին: